Գագիկ Ծառուկյանի որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա չի կարողացել ներկայանալ հարցաքննության

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, վարակվել է կորոնավիրուսով:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ Նվեր Ծառուկյանին հրավիրել էին հարցաքննության, սակայն նրա փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Մեր հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում էր Ծառուկյանը հրավիրվել հարցաքննության, Եգանյանը պատասխանեց. ««Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանը ունի վկայի դատավարական կարգավիճակ»:

Հիշեցնենք՝  2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 7, մահացել՝ 2 անձ. նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, մյուսը 21-ամյա Ջիվան Հարությունյանն էր: Հունվար ամսին ՔԿ-ն հայտարարեց, որ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու եւ մի շարք այլ հանգամանքներով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ armtimes.com