Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է. ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է եղել

Հիշեցնենք, որ քիչ առաջ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ 17։30–ին:

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին ևս ընթանում է վերոնշյալ բողոքի քննությունը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունները։

Նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր՝ նախկինում երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և իր կենսագրությունը լրացուցիչ պարտավորություն են դնում որևէ բան չանել, որով հնարավոր է սեփական անունը վարկաբեկել։ Նախկին նախագահը նշեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից, քանի որ բնույթով այդպիսին է։ Բացի այդ, նա շատ լավ հասկանում է, որ գտնվում է հասարակության խոշորացույցի տակ․․․

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել անձնական երաշխավորություն ներկայացրած վարչապետներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում նրանց չթույլատրվեց ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Սակայն դատախազների և տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի առարկություններից հետո դատարանը որոշեց չհրավիրել երաշխավորներին, նշելով, որ պաշտպան Վարդևանյանն արդեն ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքը․․․

Նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան և պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում գրավադնել դրանք։

Մեղադրող կողմը ներկայացրեց իր առարկությունները, կրկին պնդելով, որ Ռ․ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի վերացել։ Միևնույն ժամանակ դատախազ Բաղդասարյանը փաստեց, որ ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել նախաքննությանը։ Ըստ նրա՝ խոսքը ռիսկերի մասին է, ոչ թե գործողությունների։

Դատարանը լսեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին ու Տիգրան Եգորյանին։ Վերջինիս ելույթը անավարտ մնաց։ Դատարանը, սակայն, որոշեց՝ 2 միլիարդ գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին