Տաթեւիկ Ռեւազյանի մասին գրառումը բարոյական կատաստրոֆա է. հրապարակումը ոստիկանությունը ուսումնասիրում է

Երեկ հայտնի դարձավ, որ Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել։ Այս լուրից հետո բազմաթիվ օգտատերերի կողմից շնորհավորանքների ու մաղթանքների տարափ սկսվեց։ Սակայն այս անմեղ լուրը ևս, պարզվում է, ֆեյսբուքի հայկական տիրույթում կարող էր ատելության քարոզի պատճառ դառնալ։

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը անթույլատրելի գրառում էր արել՝ նշելով, թե «Ռևազյան Տաթևիկն իր նման մեկով բազմացրել է ազգը»։ Նա նաև կասկածի տակ էր դրել երեխայի հոր ով լինելու փաստը և Ռևազյանին վերագրել այս կամ այն պաշտոնյայի հետ արտաամուսնական կապ ունենալը։ Վերջինիս գրառումը շատ արագ տարածվեց սոցցանցերում։

Այս գրառմանը անդրադարձել էին նաև մի շարք պատգամավորներ՝ դատապարտելով ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով գրառման վրա։ Մասնավորապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել էր, որ եթե երեխայի ծնունդը իր համար վատ լուր է, ուրեմն հրապարակման հեղինակը արժեքներ չունի։ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ երևույթն անվանել էր բարոյական կատաստրոֆա, իսկ Նազելի Բաղդասարյանն էլ պահանջել էր հասարակական լայն ռեզոնանս, հիշեցնելով, որ մոտ 10 օր առաջ էլ իր և իր մոր հասցեին էր նման գրառում արել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արձագանքը չուշացավ, վերջինս դատապարտեց նման կերպ արտահայտվելը։

Այս ամենը ոչ միայն չսթափեցրեց գրառման հեղինակին, այլ նաև նոր գրառման պատճառ դարձավ, որով վերջինս ոչ միայն զղջման որևէ խոսք չարտաբերեց, այլ նաև դատապարտեց Արման Թաթոյանի անդրադարձը, հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման օրոք Հայաստանում բռնաբարվեցին մարդու բոլոր իրավունքները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի, Սեդրակ Քոչարյանի, Արա Մինասյանի և այլոց, նրանցից ոմանք զրկվեցին առողջությունից՝ շնորհիվ Նոր Հայաստանի արդարադատությանը:

ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ Արտյոմ Խաչատրյանի հրապարակումը ոստիկանությունում ուսումնասիրվում է։

Նշենք, որ այս գրառումը Արտյոմ Խաչատրյանի կողմից նախադեպային չէ, նա բազմիցս իր խմբագրած կայքի ու սոցցանցի անձնական հարթակի միջոցով անդրադարձել է բազմաթիվ անձանց ու նրանց հասցեին բազմաթիվ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։