Պուտինը մերժեց ու պայման դրեց. Հայաստանի այլընտրանքը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրել է.

Մայիսի 19-ին տեղի ունեցած ԵՏՄ երկրների վեհաժողով-տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինն, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ Հայաստանի եւ Բելառուսի հարցադրումներին, նշել է, որ ԵՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է: Ըստ Պուտինի, այդ մեխանիզմի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա, ինչն այժմ գոյություն չունի: Նա հայտարարել է, որ եթե Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է, ապա ԵՏՄ հնգամյա ռազմավարությունից այդ կետը արժե հանել եւ ռազմավարությունն ընդունել առանց դրա:

ՌԴ նախագահը փաստորեն հայտարարում է գազի հարցում զիջման գինը՝ ավելի խորը ինտեգրացիա, ինչն այլ կերպ թերեւս կնշանակի քաղաքական կապիտուլյացիա: Ըստ ամենայնի, ՌԴ նախագահի պայմաններից մեկը միասնական արժույթն է, եւ Ռուսաստանը կարող է ռուբլու հիմքով միասնական արժույթի պայմանով համաձայնել գազի միասնական գնին:

Մի բան անկասկած է, որ Մոսկվան դնում է կոշտ պայման՝ կամ գազի էժան, այսպես ասած ներռուսական տրամաբանությամբ ձեւավորվող միասնական գին ստանալու համար եվրասիական պետությունները պետք է հավասարվեն ռուսական ռեգիոններին, կամ նրանց հանդեպ կշարունակվի կիրառվել այն մոտեցումը, որ կա մինչ այժմ:

Ի՞նչ պատասխանի են ի վիճակի Երեւանն ու Մինսկը: Թեեւ, այստեղ իհարկե Մինսկին դիտարկելով այդ հարցում պոտենցիալ դաշնակից, Երեւանը թերեւս որեւէ լուծման հարցում հաշվարկ չպետք է կապի Բելառուսի հետ: Լուկաշենկոն այդ իմաստով բավականին անկանխատեսելի է, ըստ այդմ Երեւանը պետք է փնտրի իր լուծումները, մի կողմից Ռուսաստանի հետ աշխատանքը շարունակելով, մյուս կողմից աշխուժացնելով աշխատանքը այլընտրանքային հնարավորությունների ուղղությամբ: Ի վերջո, ՌԴ հետ աշխատանքի արժանապատիվ արդյունք ստանալ հնարավոր է այն դեպքում, երբ կա այլընտրանք, եւ Մոսկվան գիտե, որ դա կա:

Այդ իմաստով հատկանշական է նախօրեի տեղեկությունը, որ Իրանում Հայաստանի դեսպան Թումանյանը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ Եվրասիայի վարչության ղեկավարին, եւ զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ գազի եւ էներգետիկ այլ նախագծերի հարցը: Երեւանն անշուշտ պետք է ձգտի իրանական գազային այլընտրանքի շուրջ համաձայնության, միաժամանակ սակայն փնտրելով երկրի ներսում այլընտրանքային, վերականգնողական էներգիայի կարողություններ:

Մեծ հաշվով, Հայաստանի համար ռազմավարական հեռանկարը պետք է լինի հենց դա, այլ ոչ թե Ռուսաստանի հետ էժան գազի գնագոյացման մեխանիզմի հասնելը: Ավելին, Ռուսաստանի հետ այդօրինակ համաձայնության հասնել հնարավոր է միայն մի դեպքում, երբ Մոսկվան գիտե, որ համաձայնություն փնտրողը ամեեւին կախված չէ այդ համաձայնությունից:

Մյուս կողմից, հայ ժողովրդի, հայաստանյան կառավարության, միաժամանակ նաեւ հանրության առաջ սկզբունքորեն կարեւոր հարց է՝ պատրա՞ստ է Հայաստանը ինքնիշխանության սկզբունքով չվարանել ռուսական պահանջների առաջ, անգամ եթե տեսանելի ապագայում չլինի համարժեք ծավալի որեւէ այլընտրանք:

Այստեղ Հայաստանի կառավարությունը, քաղաքական ուժերն ու հանրությունն ունեն բաց երկխոսության լուրջ անհրաժեշտություն: