Կորոնավիրուսը «հաղթեց» Պուտինին. Ինչ է կատարվել…

Lragir.am-ը գրել է.

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակը հաշվի առնելով, գնահատելով, որ Ռուսաստանում իրադրությունը դեռ չի էլ մոտեցել պիկին, հետաձգում է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը, զորահանդեսը, որ նախատեսված էր այդ առիթով: Պուտինը նշել է, որ առկա պայմաններում չի կարող թույլ տալ զանգվածային այդ միջոցառման անցկացումը:

Ավելի վաղ, պատերազմի վետերանները նամակով դիմել էին Պուտինին, առողջական նկատառումից ելնելով խնդրելով նրան հետաձգել շքերթը:

Կորոնավիրուսը փաստորեն «հաղթեց» Պուտինին, որի համար 75-ամյակի տոնակատարությունն ու զորահանդեսը լինելու էին քաղաքական առանցքային ակցիա, քարոզչա-գաղափարական հիմնարար գործողություն Ռուսաստանում իշխանության հարցի լուծման եւ բարդ աշխարհքաղաքական միջավայրի ֆոնին: ՌԴ նախագահի համար ռուսաստանյան հանրության հետ հարաբերվելու առանցքային գործիք շարունակում է մնալ ռազմա-հայրենասիրական պաթոսը կամ ընթացող պատերազմի, կամ անցյալի հաղթանակի հիմքով:

Շաբաթներ առաջ, երբ կորոնավիրուսը թափ էր հավաքել Եվրոպայում, Ռուսաստանում չէին շտապում վիճակագրություն հրապարակել, քանի որ Պուտինը ձգտում էր ամեն կերպ վիճակը «ձգել» շքերթին: Ռուսաստանում իրավիճակը նոր է վտանգավոր թափ առնում, եւ բավականին բարդ է կառավարել վիճակը:

Համենայն դեպս, այդպիսի գնահատական է տալիս օրինակ Չինաստանը: Չինական մամուլում օրերս տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի ՌԴ-ն անարդյունավետ է պայքարում վարակի դեմ եւ դա կարող է բերել նրան, որ վարակը անցնի Չինաստան ու այնտեղ դառնա նոր ալիքի պատճառ: Ընդ որում, Ռուսաստանում պայքարի անարդյունավետության հավանականությունը մեծ է այն պատճառով, որ կա ընդհանրապես կառավարման համակարգի արդյունավետության, ինչպես նաեւ առողջապահական ենթակառուցվածքների արդիականության հարց: Մեծ հաշվով, Մոսկվայից եւ մեկ-երկու այլ քաղաքից բացի, Ռուսաստանի շրջաններում առողջապահական կենսունակ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Իսկ ՌԴ նախագահը հայտարարել է, որ վարակն արդեն տարածվում է նաեւ շրջաններում:

Այդ ամենը հետեւանք է նաեւ այն բանի, որ նավթի բարձր գնի պայմաններում հավաքված հարյուրավոր միլիարդները Ռուսաստանում զարգացրել են կոռուպցիան ու գանձագողությունը, պետական կառավարումն ու ենթակառուցվածքները, տնտեսությունն արդիականացնելու փոխարեն:

Պետք է հուսալ, որ կորոնավիրուսը թեկուզ դժվարությամբ, սակայն Ռուսաստանը կհաղթահարի առանց աղետալի հետեւանքի:

Ինչ վերաբերում է շքերթին, այն հետաձգվում է դեռեւս անորոշ ժամանակով, սակայն ակնառու է, որ երբեւէ տեղի ունենալու պարագայում այն այլեւս չի լինելու նույն մթնոլորտում, որովհետեւ կորոնավիրուսը փոխում է աշխարհն ու հանրային հոգեբանությունը, եւ մի բան է ռազմա-հայրենասիրական քաղաքական ակտը կորոնավիրուսից առաջ, մեկ այլ բան է մահաբեր վարակից հետո:

Առողջություն բոլոր ռուսաստանցիներին, եւ առողջացում Ռուսաստանին՝ ոչ միայն վարակից, այլ նաեւ մեծապետական անհարկի հավակնություններից, որոնք քամում են Ռուսաստանը, եթե անգամ ֆիզիկապես ընդլայնում են այն: Առողջ Ռուսաստանը իսկապես կարող է լինել Հայաստանի իրական դաշնակից: