Անսպասելի շրջադարձ. Ով է ուշքի բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Lragir.am-ը գրել է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աձագանքել է Հայաստանի սահմանին՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիային, որը հետ մղելիս վիրավորվել է երկու հայ զինծառայող: Սահմանի Ոսկեվան գյուղի մի 14-ամյա բնակիչ էլ էր վիրավորվել ադրբեջանական կրակոցից…

Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»՝ անդամ երկրի սահմանին: Նա ասել է նաեւ, որ առավել տարակուսելի է, երբ դա տեղի է ունենում համաշխարհային համաճարակի ֆոնին: «Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին», նշված է Զասի արձագանքում…

Զասն ավելի վաղ տարածել էր մի հայտարարություն, որը բնորոշ է մինչ այդ ՀԱՊԿ համար ավանդական, ամորֆ, չեզոք սեռի հայտարարություններին: Դա իհարկե ՀԱՊԿ արձագանքի առումով անսպասելի չէր: Անսպասելի էր այն, որ այդ արձագանքը ավելի ուշ հեռացվել է կայքից, իսկ հետո արդեն Զասը փոքր ինչ ավելի որոշակի պատասխան է տվել Արմենպրեսի հարցին: Արդյոք դա տեղի է ունեցել որոշակի խողովակներով հայկական կողմի դժգոհությունից հետո: Հայաստանի ԱԽ քարտուղարը եւ Զասը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկություն է հրապարակել Արմեն Գրիգորյանը: Նրա հրապարակած տեղեկության մեջ չկա այն, որ խոսվել է մարտի 30-ի դիվերսիայի մասին…

Արդյոք լռությունը պայմնավորված է Զասի արձագանքը փոխելու պայմանով: Միաժամանակ, պատասխանն իհարկե ռազմա-քաղաքական բլոկին վայել կարող է համարվել մեծ վերապահումով, կամ շատ մեծ ցանկության դեպքում, որովհետեւ Զասի արձագանքում բացակայում է մի բան՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հանդեպ կատարվող ոտնձգության համար որեւէ պատասխանատվության հիշատակում…

Լոկ մտահոգությունը, թե դեպքը տեղի է ունեցել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, խոշոր հաշվով կարող է նշանակել նաեւ այլ բան՝ հորդոր կամ դիմում, ակնարկ Ադրբեջանին, որ հաջորդ անգամ սադրանքներ կազմակերպի այնպիսի ուղղության վրա, որը չի առաջացնի ՀԱՊԿ արձագանքի անհրաժեշտություն եւ չի ստեղծի դա անելու անհարմար վիճակ…

Որովհետեւ ՀԱՊԿ արձագանքները խոշոր հաշվով այնպիսին են, որ դրանք ավելի պատասխանատու են թվում Ադրբեջանի հանդեպ, քան դաշինքի անդամ Հայաստանի…

Ըստ այդմ, Ստանիսլավ Զասի արձագանքը ամենեւին չի հանում հարցը՝ այն արված է բլոկի անդամ, դաշնակից Հայաստանի՞ն գոհացնելու, թե՞ ավելի շուտ՝ ոչ անդամ Ադրբեջանին դժգոհ չթողնելու համար…