Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը 100 000-ի սահմանում պահելը «հաջողված գործ կլինի». CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է CNN-ը։

«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր զոհվել, եթե մենք ոչինչ չանեինք», – հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։

«Եթե մենք կարողանանք այդ ցուցանիշը ցածր պահել՝ 100 000- 200 000-ի սահմանում, ապա, թեկուզ սարսափելի թիվ է, բայց կնշանակի, որ մենք բոլորս շատ լավ աշխատանք ենք կատարել», – հայտնել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծիք էր հայտնել, որ երկրում կորոնավիրուսի զոհ կարող է դառնալ 100 հազարից մինչև 200 հազար մարդ: Ընդ որում, նրա խոսքով, վարակվելու են միլիոնավոր մարդիկ։

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուի վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։ 

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33,976-ի, ապաքինվածներինը՝ 151,766-ի: