Վրաստանը հաջողությամբ կանխում է վարակի տարածումը. Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 14-ի

armdaily.am-ը գրել է.

Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցը հաղորդել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդի ապաքինման մասին: Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 81 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինված պացիենտների ընդհանուր թիվը 10-ից դարձել է 14: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում նշել է, որ բոլոր ապաքինվածները, ովքեր արդեն լքել են կլինիկան, շարունակելու են մնալ ինքնամեկուսացված ևս 2 շաբաթ: Այս մասին գրում է newsgeorgia.ge-ն:

Հիվանդը համարվում է լիովին առողջ, եթե 24 ժամվա տարբերությամբ կատարված կորոնավիրուսի երկու թեստերը բացասական արդյունք են ցույց տալիս:

Կայքի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Վրաստանը կարողանում է հաջողությամբ կանխել վարակի տարածումը: Կողմերը նաև քննարկել են Վրաստանում ձեռնարկված միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: