Պուտինը՝ հրատապ հայտարարություն է տարածել և դիմել ժողովրդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հատուկ ուղերձով դիմեց ռուսաստանցիներին․․․

Պուտինը նախ հայտարարել է, որ չնայած ձեռնարկած կանխարգելիչ միջոցներին, կորոնավիրուսի համաճարակը չի կարող շրջանցել Ռուսաստանը, և ՌԴ քաղաքացիների կյանքն ու առողջությունը փրկելու համար նա նախ անորոշ ժամանակով հետաձգեց ապրիլի 22-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն․․․

«Դուք գիտեք՝ ինչքան եմ ես կարևորում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սակայն այսօր ավելի կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը», – ասել է Ռուսաստանի նախագահը: Եկող շաբաթը Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային է հայտարարել մինչև ապրիլի 5-ը․․․

Պուտինն իր ուղերձում նաև սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան: Թե ինչպես է դա գործնականում աշխատելու, այս պահին դեռ այնքան էլ պարզ չէ․․․

ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ այն գործարարներն ու անհատները, որ դիվիդենտները Ռուսաստանից հանում են և տեղափոխում այս կամ այն օֆշորային գոտի, պարտավորվում են 13 տոկոս հարկ վճարել երկրից դուրս հանվող գումարների համար․․․

Կրանտինային միջոցների մասին Պուտինն այնքան էլ շատ չի խոսել, ավելի շատ խոսել է սոցիալական աջակցության մասին: Կանխատեսվում է, որ առաջիկա հարցումները կֆիքսեն նրա վարկանիշի աճ․․․

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 163 դեպք է հայտնաբերվել: Նոր դեպքերի մեծ մասը՝ 120-ը արձանագրվել է Մոսկվայում: Այսպիսով` վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, որոնցից 29-ը բուժվել են: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Ռուսաստանի 85 շրջաններից 55-ում․․․

Համաճարակի էպիկենտրոնը Մոսկվան է, այնտեղ պաշտոնապես արդեն երեկվա տվյալներով արձանագրվել էր 410 դեպք, ընդ որում իշխանություններն ասում են, թե Ռուսաստանի մարզերում վարակվածների պաշտոնական թիվն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ Մոսկվայից դուրս թեստավորումը թույլ է իրականացվում: Այս մասին, մասնավորապես, երեկ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը․․․

Ինչ վերաբերում է Մոսկվային, իշխանությունները որոշել են հոսպիտալացնել միայն այն վարակվածներին, ովքեր ունեն բարձր ջերմություն և շնչառության հետ լուրջ խնդիրներ: Մնացած հիվանդները պետք է մնան մեկուսացված իրենց բնակարաններում և ստանան բժիշկների խորհրդատվությունը հեռախոսով․․․

Աղբյուր՝ Մետաքսյա Շալունց / Hayeli.am