ՀՀԿ-ն կանգնեց մյուսների ճանապարհին. Անսպասելի հայտարարություն

Lragir.am-ը գրել է.

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ եւ քննադատական արտահայտվեց կառավարության հակակորոնավիրուսային քաղաքականության, այդ թվում մասնավորապես դրա տնտեսական բաղադրիչի առնչությամբ: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց նաեւ, թե իրեն չեն լսում, դրա համար էլ վատ է լինում…

Տեւական ժամանակ ԲՀԿ-ն «դադար» էր վերցրել, եւ խորհրդարանական ընդդիմության դրոշակը բարձրացրել էր Լուսավոր Հայաստանը: Մարտի 23-ին ԲՀԿ-ն «վերադառնալու» հայտ ներկայացրեց: Հետհեղափոխական շրջանում այդ իրողությունը գործնականում ունի ցիկլային բնույթ, պարբերական փոխակտիվությամբ՝ ԼՀԿ, հետո ԲՀԿ…

Սակայն, մարտի 19-ին «ճանապարհը փակեց» Սերժ Սարգսյանը, որի գրասենյակը տարածեց հետաքրքիր հաղորդագրություն: Գրասենյակը հայտնում էր, որ Սերժ Սարգսյանը կապի մեջ է Լույս հիմնադրամի մասնագետների հետ եւ նրանց հորդորում է մշակել կառավարությանը ներկայացվող առաջարկություններ, որոնք կօգնեն հաղթահարել ճգնաժամը եւ մարտահրավերը: Գրասենյակը հայտնում էր, որ Սերժ Սարգսյանի կարծիքն այն է, թե ներկայիս ժամանակահատվածում պետք է գործել համախմբված, միավորելով հայության ամբողջ ուժը…

Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության մեջ չկար որեւէ քննադատություն կառավարության քայլերի առնչությամբ: Փաստացի, ընդդիմության առաջատարի համար պայքարող ՀՀԿ-ն փակեց խորհրդարանական ընդդիմության ճանապարհը, թեեւ, նաեւ ընդդիմադիր դաշտում առաջատար դիրքավորում ունեցող մյուս ուժերի ճանապարհն էլ: Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը սահմանեց այսպես ասած ընդդիմադիր ուժի դիրքավորման բարձր նշաձող, առնվազն ճգնաժամային ներկայիս իրավիճակում…

Սարգսյանի գրասենյակի այդ հայտարարությունն ըստ ամենայնի անսպասելի էր ընդդիմության համար պայքարող մնացյալ ուժերի համար: Մյուս ուժերն ուշացան, այդ թվում Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը սակայն ուշանալուց բացի, նաեւ թույլ տվեց էական վրիպում, թեեւ ուներ Սերժ Սարգսյանի սահմանած նշաձողն առավել բարձրացնելու հնարավորություն…

ՀՀԿ-ն այդ քայլով իհարկե չի ամրապնդել իր դիրքը որպես ընդդիմություն, որովհետեւ Հանրապետականն այստեղ ունի գոնե առայժմ անհաղթահարելի խնդիրներ հանրային ընկալման առումով: Միեւնույն ժամանակ, այդօրինակ հայտարարությամբ եւ նշաձողով Սերժ Սարգսյանին հաջողվում է փաստորեն նույնքան եւ գուցե անհաղթահարելի խնդիրներ առաջացնել մյուս ուժերի համար…