Փաշինյան Նիկոլին մնացել են հաշված օրեր. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հայրենապա՛շտ Հայեր

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հոգեբանական տեռորի, սպառնալիքների և քրեական հետապնդումների միջոցով փորձում է հետաձգել Հայաստանակործան իշխանության վերջնական վախճանը:

Հայաստանի խորհրդարանը լուծարելու՝ պատգամավորներին տրվող սպառնալիքներով,  պատգամավորների և նրանց ազգականների դեմ քրեական գործեր սարքելու միջոցով՝ Փաշինյան Նիկոլն իր և մյուս խմբակցությունների անդամներին ստիպում է հլու-հնազանդ կատարել իր կամքը, այսինքն՝ քվեարկել իր՝ հակաօրինական և հակապետական օրինագծերի օգտին:

Անթույլատրելի համարելով Հայաստանի գործադիր իշխանության ղեկավար Փաշինյան Նիկոլի կողմից Հայաստանի՝ հատկապես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին՝ պատգամավորներին, իրեն ենթարկեցնելու քաղաքականությունը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է Փաշինյան Նիկոլի մորթապաշտ, ինչպես նաև հաղթանակած հերոս հայ ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելու, ժողովրդի մեջ անընդհատ ատելություն սերմանելու քաղաքականությունը, և սեփական պաշտպանության տակ է վերցնում Փաշինյան Նիկոլի՝ Ազգային ժողովում նրան ընդդիմացող թիմակիցներին՝ իրավական և քաղաքական օգնություն, աջակցություն ցուցաբերելու համար:

Փաշինյան Նիկոլին մնացել են հաշված օրեր. մենք միասնաբա՛ր ենք հեռացնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և նրա ձևավորած ապազգային և արևմտահպատակ իշխանությանը՝ ինքներս ձևավորելով ազգային-պետական իշխանություն՝ կառուցելով Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Նյութի աղբյուր՝  arenanews.am