«Առավոտյան ու երեկոյան սոդայի թույլ լուծույթ ենք խմում, քլորով ախտահանում տները». ինչպե՞ս են հայերը պայքարում կորոնավիրուսի դեմ Չինաստանում. (Տեսանյութ)

«Հիմա էստեղ շատ հանգիստ է, խիստ վերահսկողություն է, բայց տագնապ չկա, մարդիկ հանգիստ են, որոշ մեծ քաղաքներում արդեն սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը»,- ասում է 46-ամյա Մարիամ Մանուչարյանը, ով կրթական ծրագրով այժմ գտնվում է Չինաստանում՝ Պեկինից ոչ հեռու գտնվող Թիենջին քաղաքում։

«Մենք շատ ուշադիր ենք հիգիենային, հիմնականում տանն ենք, բայց տունն էլ օդափոխում ենք ու գրեթե ամեն օր քլոր պարունակող հեղուկներով խոնավ մաքրում ենք անում բոլոր մակերեսները,- պատմում է Մարիամը: – Ավելի շատ միրգ, բանջարեղեն ենք օգտագործում, կարևոր է օրվա մեջ շատ տաք ջուր խմել՝ 2 լիտրից ավելի: Դե, լիմոնի, սխտորի, սոխի ու կոճապղպեղի ամենօրյա օգտագործման մասին չեմ ասում: Մենք նաև առավոտյան ու երեկոյան սոդայի թույլ լուծույթ ենք խմում: Չինացիներն ավելի շատ՝ կանաչ թեյ»,- նշում է Մարիամը:

Մարիամն ասում է, որ օրվա ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում ինչպես հիգիենային, այնպես էլ սննդակարգին: Դուրս գալիս են գալիս բացառապես ջուր ու սննդամթերք գնելու:

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Նոր կորոնավիրուսի բռնկումը ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում:

Փետրվարի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ (համաշխարհային համաճարակ), սակայն պանդեմիայի վերածվելու «միտումներ ունի»:

Ըստ worldometers.info-ի՝ մինչ այս կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը ամբողջ աշխարհում կազմել է 81.234, մահացել է 2769 մարդ, առողջացել են 30.310-ը: Հարևան Իրանում գրանցվել են 139 հիվանդության դեպք, 19 մահ, բուժվել են 25-ը:

Մարիամն ասում է, որ ինչպես ինքը, այնպես էլ մյուս օտարերկրացիներն ամեն օր մարմնի ջերմությունը, գտնվելու վայրը և իրենց հետ արագ կապ հաստատելու վերաբերյալ տվյալները լրացնում են հատուկ կայքում և ուղարկում իրենց կենտրոններ:

Նշում է՝ բոլոր բնակիչներին թաղամասային ոստիկանությունը անցագրեր է տվել, որով էլ ելումուտ են անում թաղամաս ու շենք: Նշում է, որ թաղամասային դարպասների մոտ ջերմություն են չափում, նույնիսկ եթե այդ օրն արդեն չափել են:

«Դիմակ կրելը պարտադիր է, չկրելու դեպքում կարող են տուգանել որոշ տեղերում, հատկապես կենտրոնական մասում: Նաև ռետինե կամ ցելոֆանե ձեռնոց են դնում»,- պատմում է Մարիամը: Ասում է, որ դիմակ գնելուն հերթ չի հասնում, չինացի ընկերներն են դիմակով ապահովում: 2 օր առաջ չինացի ընկերներից մեկը Կորեայից դիմակներ է ուղարկել:

Դեղատուն Չինաստանում

Մարիամի խոսքով՝ չինացիներին մեծապես օգնում է իրենց կարգապահությունը: «Մեկ մարդու պես լսում ու ենթարկվում են: Շատ մաքուր են պահում ամեն տեղ»,- նշում է Մարիամը։

Քանի որ վիրուսը Հայաստանի սահմաններին է հասել, Մարիամը խորհուրդ է տալիս մարդկանց խուճապի չմատնվել, հետևել վիրուսից պաշտպանվելու վերաբերյալ ինֆորմացիային, խուսափել մարդաշատ վայրերից ու հանրային սննդի կետերից, հետևել սննդակարգին ու իմունիտետին:

«Իրականում թեև շատ արագ տարածվող, բայց ինչպես տեսաք՝ 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանը դիմակայեց, իհարկե կառավարության ձեռնարկած օպերատիվ ու խիստ միջոցների հաշվին, երբ կարանտին ու արտակարգ դրություն հայտարարվեցին նույնիսկ էն քաղաքներում, որտեղ մի քանի միլիոն բնակչությունից կարող էր ընդամենը տասնյակ վարակակիր լինել: Բայց նաև մարդիկ խուճապահար չէին լինում, այլ խստորեն հետևում էին իրենց կառավարության որոշումներին ու հրահանգներին: Կարծում եմ՝ աշխատանքներն սկսելուն զուգահեռ դեռ մեկ տարի այս խիստ հսկողությունը կշարունակվի»,- ասում է Մարիամը:

Աղբյուրը՝ MediaLab.am