րամանատարի պատճառով զինվորը կրակել է իր բերանին ու ինքնասպան եղել. Վերաքննիչը խստացրել է նախկին հրամանատարի պատիժը

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ անգամ քննվեց Վարուժան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքն այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ բեկանեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերն ու գործը նորից ուղարկեց վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ ամբաստանյալի պատիժը խստացնելու առումով:

Այս գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

30-ամյա Վարուժանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով: Նա արգելանքի տակ է 2016 թվականի հունիսի 19-ից:

Վարուժան Բ.-ն դասակի հրամանատար էր, կոչումով՝ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ նա,  «ենթակաների շրջանում խստապահանջ սպայի համբավ ձեռք բերելու շարժառիթով, կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն 2016  թվականի մայիսին գումարտակի զորանոցի դիմաց ուշացած շարք ներկայացած զինծառայող, շարքային Հրանտ Գ.-ի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 16 –ին, ժամը 9-ի սահմաններում գումարտակի դիմաց դասակի հրամանատար Վարուժան Բ.-ն ուսապարկի ամրագոտին պոկված լինելու պատճառով նախատել է շարքային Հրանտ Գ.-ին, կոպիտ հայհոյանք է տվել ու բռնություն է գործադրել՝ հարվածել է զինվորի ուսին ու ոտքին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, ժամը  10-ի սահմաններում, երբ զորային հրաձգարանում վատացել է շարքային Հրանտ Գ.-ի ինքնազգացողությունը, նա չի կարողացել շարունակել պարապմունքը, լեյտենանտ Վարուժան Բ.-ն նրան հայհոյել ու սպառնացել է:

Ըստ մեղադրանքի՝  շարքային Հրանտ Գ.-ն, «չդիմանալով համածառայողների ներկայությամբ լեյտենանտ Վարուժան Բ.-ի կողմից իր նկատմամբ պարբերաբար գործադրված բռնություններին ու կոպիտ հայհոյանքներին, հայտնվելով հոգեկան դեզադապտացիայի ու ֆրուստրացիայի հոգեվիճակում, իրեն ամրակցված զենքով նույն օրը, ժամը 10-ն անց 40-ի սահմաններում կրակոց է արձակել իր բերանի շրջանում և ինքնասպան է եղել»:

Ամբաստանյալ Վարուժան Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանում նա, պատասխանելով հարցերին, հայտնել է, շարքային Հրանտ Գ.-ի հետ գտնվել է ծառայողական փոխհարաբերությունների մեջ, համատեղ ծառայել են 5-6 ամիս: Երբ Հրանտին ուսումնական գումարտակից տեղափոխել են իրենց մոտ, զգացվել է, որ նա քիչ շփվող է, անձնակազմից առանձնանում էր, ամեն բան մենակ էր անում: Ինքը փորձում էր նրան ներգրավել , նա մարտական հերթապահության ծառայություն իրականացնող ստորաբաժնում էր, ինքն ուզում էր, որ նա հարմարվի, կարողանա հարկ եղած դեպքում մարտական հերթապահության ժամանակ ընկերոջը պահել: Ուզում էր, որ Հրանտը շփվի, իրեն քաշված չպահի: Ինքը բոլորին հավասար է վերաբերվել: Գիտեր, որ Հրանտն առողջական խնդիրներ ունի, նա հոգնում էր աշխատանքներ կատարելու ժամանակ, ինքը թույլ էր տալիս, որ մեկը մյուսին փոխարինելով կատարեն աշխատանքը, նրան շատ չէր ծանրաբեռնում: Մինչ իրենց մոտ գալը Հրանտը թոքաբորբից էր բուժվել, ոտքերի խնդիր ուներ…

Վարուժան Բ.-ն նշել է, որ առողջական խնդիրներ ունեցող զինվորին մարտական հերթապահության ընդգրկողն ինքը չէ, ինքը նույնպես զինվորի նման հերթապահություն էր իրականացնում:

Երբ հրաձգարանում Հրանտը վատացել է, ինքը ջուրէ լցրել նրա վրա, դա արել է օգնության նպատակով՝ որ ուշքի գա, մինչդեռ իրեն առաջադրված մեղադրանքում ձևակերպված է՝ իբր ինքը ուշագնաց զինվորի վրա ջուր է լցրել՝ նրան ծաղրելու նպատակով: Եթե ցանկանար նրան ծաղրել, ապա ջուր չէր տա, կստիպեր, որ վատ վիճակում շարունակի պարտականությունների կատարումը: Բայց ինքն այդ զինվորի հետ մարտական հերթապահություն է անցկացրել, ինքը չէր կարող նրան ծաղրել: Նույնիսկ նրա պայուսակից նռնակները հանել է, որ նա շատ ծանրաբեռնված չլինի:

Երբ Հրանտը վատացել է, ինքը բժիշկ չէ, որ հասկանար՝ նա իրո՞ք վատացել է, թե՞ այդպես ցույց է տալիս: Երբ նրան ջուր են տվել, վերնազգեստը հանել են, նա միանգամից ասել է, թե արդեն լավ է: Ինքն էլ ասել է, թե պետք չի, որ զորավարժությունը շարունակի, նրան ուղարկել է ելման դիրք, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք չի դրսևորել, բայց ասել է՝ եթե պարզվի, որ սաչոկություն ես անում… ու հայհոյել է:

Երբ շարքից ուշանալու պատճառով բարկացել է Հրանտի վրա, կարգապահական իրավունք չի կիրառել, այլ հարվածել է՝ նպատակ չունենալով ցավ պատճառել, ամբողջ ուժով չի հարվածել, դա պահի տակ ստացված գործողություն էր: Ինքը Հրանտի մոտ ընկճվածություն չի նկատել…

Ամբաստանյալն ասել է, թե Ապրիլյան քառոօրյայի ժամանակ, երբ ռմբակոծվում էր իրենց մարտական դիրքը, ինքը զինվորներին ուղարկել է թաքստոց, մենակ է մնացել դիրքում, ոչ մի կորուստ չի տվել…

Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Վարուժան Բ.-ի գործողությունների և Հրանտ Գ.-ի ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի ու ինքնասպանություն կատարելու միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Դատարանը Վարուժան Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով և դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատական ակտը՝ մեղմացման առումով, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Վարուժան Բ.-ին դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված առավելագույն պատժի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ապրեսյանը վերաքննիչ դատարանում առաջին քննության ժամանակ նշել է, որ Վարուժան Բ.-ն 2,5 տարի անազատության մեջ է: Այդքանը բավարար է՝ որպես իրական կրված անազատություն, ներկայումս Վարուժան Բ.-ի նկատմամբ կարող է կիրառվել պայմանական դատապարտություն, նրան հասարակությունից մեկուսացված պահելու անհրաժեշտությունն արդեն վերացել է, իր պաշտպանյալն  անհրաժեշտ հետևություններն արել է, նա հարկավոր է մարտական դիրքում, առաջնագծում, դա նրան ավելի շուտ կուղղի, քան կալանավայրում անցկացրած տարիները…

Ըստ պաշտպանի՝ Վարուժան Բ.-ն հոգատար սպա է եղել բոլոր զինվորների նկատմամբ, զինվորները վկայություններ են տվել, որ երբ հոգնում էին, Վարուժան Բ.-ն ինքն էր կանգնում հերթապահության:

Պաշտպանը անհամաչափ է համարել, որ մի քանի ապտակի և զինվորի ուսին հասցրած հարվածի համար իր պաշտպանյալը 7 տարի ազատազրկում կրի. «Նա հո չէ՞ր ցանկանա, որ նման հետևանք լիներ»:

Պաշտպանը օրենսդրական խնդիր է մատնանշել՝ դիտավորյալ սպանության համար նվազագույն պատիժը սկսվում է 8 տարուց, իսկ իր պաշտպանյալին մեղսագրված անզգույշ արարքի՝ ինքնասպանության հասցնելու համար՝ 7 տարի ազատազրկում: Ճիշտ է, դատարանը Վարուժան Բ.-ի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժը, բայց իր բողոքը վերաբերում է պատժի կրմանը, իր և իր պաշտպանյալի խնդրանքը պայմանական դատապարտության կիրառումն է:

Մեղադրող դատախազ Ա. Տոնոյանը առաջին ատյանի դատական ակտը գնահատել է որպես պատճառաբանված ու հիմնավորված դատական ակտ, ասել է, թե այն պատժի մասով փոփոխելու հիմքեր չկան: Գործի քննությանը առաջին ատյանի դատարանում մասնակցած դատախազը ամբաստանյալի համար պահանջել էր 8 տարի ազատազրկում, դատարանը Վարուժան Բ.-ին 7 տարի ազատազրկման է դատապարտել, և մեղադրանքի կողմը, դժգոհ չմնալով, պատժի խստացման առումով բողոք չէր բերել:

Տուժողի իրավահաջորդը՝ Հրանտ Գ.-ի հայրը, անդրադառնալով պաշտպանի հայտնած ցավակցությանը, նշել է. «Իմ սաղ կյանքը փչացել ա, ես ի՞նչ անեմ… Ամբաստանյալը կնստի յոթ տարի, դուրս կգա, ես ի՞նչ անեմ…»:

Որդեկորույս հայրն ասել է, որ իր որդին տվյալ ստորաբաժին ուղարկվելուց առաջ երկու ամիս բուժվել է հոսպիտալներում, թոքաբորբ է ունեցել, միգուցե իրո՞ք վատ էր զգում, ինչո՞ւ է սպան նրա հետ այդպես վարվել…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ թող ազատեն ամբաստանյալին, դա իրեն չի հետաքրքրում, բայց նա թող չվերադառնա զինվորական ծառայության, քանի որ մարդը չի փոխվում, եթե նա իր որդու նկատմամբ է վատ վարվել, ուրիշների նկատմամբ էլ այդպես կվարվի… «Ինքն իմ տղայի նկատմամբ թշնամա՞նք է ունեցել, կարծում եմ՝ չէ: Ես իմաստն եմ ուզում հասկանալ՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու, զինվորին նվաստացնելու…»: Տուժողի իրավահաջորդը հավելել է, որ իր որդին ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ սկոլիոզ, հարթաթաթություն, նա զինվորական ծառայության է ուղարկվել սահմանափակումով, բայց նրան չգիտես թե ինչպես՝ ուղարկել են մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանում…

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Մխիթարյան, Մ. Հարությունյան, Ա. Դանիելյան կազմով գործի առաջին քննության ավարտին եզրահանգել էր, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու իրավաչափ հիմքեր չկան: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել էր անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները մերժվել էին:

Այս գործով վճռաբեկ բողոք էին ներկայացրել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լ. Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը վարույթ չի ընդունել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքն ընդունել է վարույթ, քննել ու նախադեպային որոշում է կայացրել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Ասլանյանն իր վճռաբեկ բողոքում նշել է, որ Վարուժան Բ.-ին մեղսագրված, ամենածանր հետևանք՝ զինվորի մահ առաջացրած արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելով՝ դատարանները հաշվի չեն առել արարքի հանրային վտանգավորության աստիճանը, այն, որ Վարուժան Բ.-ն պարբերաբար է բռնություն գործադրել ու անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարել իր ենթակա զինվորի նկատմամբ, ընդ որում՝ դա կատարել է մյուս զինծառայողների ներկայությամբ, ո՛չ մեկ անգամ և՝ ստորադասության հարաբերությունների առկայության պայմաններում: Վարուժան Բ.-ի գործողությունների՛ արդյունքում է տուժողին անզգուշաբար մահ պատճառվել, և, ըստ փաստաբանի,  արդարացի չէ, որ ամենածանր հետևանքն առաջացրած արարքի համար նշանակվել է օրենքով նախատեսված նվազագույն պատիժը: Ըստ բողոքաբերի՝ նշանակված պատիժը չի համապատասխանում Վարուժան Բ.-ի կողմից կատարված արարքի ծանրությանն  ու ամբաստանյալի անձին, այն ակնհայտորեն մեղմ է: Բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել կայացված դատական ակտերը, Վարուժան Բ.-ի նկատմամբ նշանակել խիստ պատիժ:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները Վարուժան Բ.-ի նկատմամբ նշանակելով մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատիժ, պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության բարձր աստիճանը , ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է արարքին ոչ համաչափ մեղմ պատիժ, ինչը չի կարող ապահովել պատժի նպատակաների իրագործումը:

Վճռաբեկ դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը բավարարել է մասնակիորեն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանների դատական ակտերը պատժի մասով բեկանվել են, գործն ուղարկվել է վերաքննիչ  դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ պտույտով գործի քննությունն իրականացրեց դատավորների՝ Մ. Պապոյան, Ա. Վարդանյան, Ս. Մարաբյան կազմը:

Ամբաստանյալ Վարուժան Բ.-ն դատարանին դիմում էր գրել՝ խնդրելով գործը քննել իր բացակայությամբ, քննությանը կմասնակցի իր շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Տուժողի իրավահաջորդը դատական նիստին չէր ներկայացել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Ասլանյանի փոխարեն Հանրային պաշտպանի գրասենյակը նոր փաստաբանի էր ուղարկել՝ որպես այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Դատարանը ներգրավեց փաստաբան Ս. Կարապետյանին:

Վերջինս ընթերցեց ամբաստանյալի պատիժը խստացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի նախորդ ներկայացուցիչ, փաստաբան Լ. Ասլանյանի ներկայացրած բողոքը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատական ակտը՝ պատժի խստացման առումով:

Մեղադրող դատախազ Ա. Տոնոյանը նշեց, որ Վարուժան Բ.-ին մեղսագրված արարքի համար նախատեսված է 7-ից  12 տարի ազատազրկում, Վարուժան Բ.-ի նկատմամբ նշանակված նվազագույն պատիժը ակնհայտ մեղմ պատիժ է, մեղադրանքի կողմը միանում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքին ու խնդրում է խստացնել ամբաստանյալի պատիժը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը ծանր կացության մեջ էր՝ վերադաս դատարանի կայացրած որոշման մեջ արտահայտված դիրքորոշման պայմաններում դժվար էր բոցաշունչ ելույթ ունենալ:

Պաշտպան Ա. Ապրեսյանը, ինչպես բոլոր դատական ատյաններում ունեցած ելույթների ժամանակ, նախ ցավակցություն հայտնեց զինվորի ընտանիքին, ասաց, թե մի քանի անգամ առերեսվել է տուժողի իրավահաջորդի՝ զինվորի հոր հետ, նրան է փոխանցել նաև իր պաշտպանյալի՝ Վարուժան Բ.-ի՝ խոր զղջման ու ցավակցության խոսքը: Պաշտպանը ցավալի համարեց, որ զինվորը կյանքից զրկվել է ինքնասպան լինելու եղանակով: Միաժամանակ պաշտպանը ցավալի գնահատեց նաև Վճռաբեկ դատարանի մոտեցումն այս գործով: Պաշտպանը նորից նշեց, որ կատարվածն անզգույշ հանցագործություն է, որի համար մարդը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, մինչդեռ դիտավորյալ սպանության համար սանկցիան 8 տարուց է սկսվում: Պաշտպանը նշեց՝ Վճռաբեկ դատարանն ինքը կարող էր պատիժը խստացնել, այդ գործը չբարդելով վերաքննիչի ուսերին:

Պաշտպան Ա. Ապրեսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ Վարուժան Բ.-ն արդեն 4 տարի գտնվում է արգելանքի տակ. «Էդ մարդը ուղղակի կրում է իր խաչը»: Եթե ասվում է, թե Վարուժան Բ.-ի նկատմամբ նշանակված մեղմ պատիժը չի նպաստում նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը, ապա իր կարծիքով՝ Վարուժան Բ.-ին ինչ խիստ պատժի էլ դատապարտվեն, նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը չի նպաստելու, կանխարգելումը բոլորի գործն է: Ինչ վերաբերում է պատժի նպատակներից՝ սոցիալական արդարությանը հասնելուն, ապա դատական պրակտիկան ապացուցել է, որ սոցիալական արդարությունը պատժի խստացմամբ չէ, որ վրա է հասնում:

Պաշտպանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալ Վարուժան Բ.-ն Ապրիլյան քառօրյայի խիզախ ու անձնազոհ մասնակիցներից է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվեց:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց՝ խստացման առումով:

Վարուժան Բ.-ն մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով և դատապարտվեց  8  տարի ազատազրկման: