Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը

Ալեքսանդր Մակեդոնացին պատմության ամենահայտնի նվաճողներից է, ում մասին լեգենդներն ու իրական պատմությունները մինչ օրս տարածվում են՝ դարձնելով Մակեդոնացուն պատմություն կերտող առաջնորդ։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս մեծագույն նվաճողը շրջանցեց հայկական տարածքներն ու դրանք այդպես էլ նվաճելու փորձ չարեց։ Պարզվում է՝ դրա հետևում մի շատ հետաքրքիր ու չտարածված պատմություն է ընկած։

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:

– Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,- զեկուցեցին Մակեդոնացուն,- նրանք լավաշ են կախել աշտարակից:

Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:

– Վերացրե՛ք պաշարումը, և շարժվենք առաջ,- կարգադրեց նա,- երևում է՝ հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:

Այս պատմությունը համարվում է ժողովրդական պատմություն, սակայն որոշ պատմաբաններ նշում են, որ այն համապատասխանում է իրականությանը։ Նրանք, ովքեր այս վարկածին կողմ չեն, միևնույն է, ընդունում են, որ Մակեդոնացին բախվել է հայերի ուժի հետ Գավգամելայի ճակատամարտի ժամանակ։

Չնայած Ալեքսանդրը Գավգամելայի ճակատամարտում հաղթանակից հետո իր նվաճած երկրների ցանկում թվարկում էր նաև Հայաստանը, այն հիմնականում մնացել էր նրա ռազմարշավների ուղիներից դուրս: Ք.ա. I դարի հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնը նշում է մի դեպք հայերի ու մակեդոնական բանակի ստորաբաժանումներից մեկի անմիջական բախման մասին: Դա տեղի էր ունեցել հայկական Սպեր գավառի մոտակայքում, որտեղ ուղարկվել էր հունական զորախումբ տեղի ոսկու հանքերը գրավելու նպատակով: Հայտնի է, որ հույները պարտություն կրեցին և դուրս մղվեցին Հայաստանից, իսկ հրամանատարը սպանվեց մարտում: