Ցավալի լուր. Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով մոր կողմից հոգեմետ դեղերով ու ծեծով խոշտանգված աղջիկը հունվարի 29-ին մահացել է «Կարմիր քամի» հիվանդությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կիսաբաց լուսամուտներ»-ի «Մոր ձեռքերը» հաղորդման հերոսուհին՝ 23-ամյա Մարիամը, որը մոր խնամքին էր, ապրում էր բռնության հետքերով, խոշտանգված, անմարդկային պայմաններում և ի վիճակի չէր նույնիսկ խոսելու և միայնակ սնվելու։

Փաստաբան Գարիկ Սահակյանն, ով հաղորդման փորձագետներից է, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող հստակ ասել, բայց փորձագետների, օբյեկտիվ հանդիսատեսի մոտ տպավորությունն այնպիսին էր, թե մայրն է ծեծի ենթարկել աղջկան․ «Այն վարվելակերպը, որն ուներ մայրը դստեր հետ, փաստում է, որ նա եսասիրաբար է մոտենում հարցին։ Եթե անգամ մայրը չի ծեծել աղջկան, ամեն դեպքում նրա մոտ կա բացառիկ անտարբերություն, սառը վերաբերմունք, երեխային օգտագործելու շնորհիվ, ըստ երևույթին, հաշմանդամության թոշակ ստանալու և պետությունից ինչ-որ բան ստանալու ակնկալիք։ Մեղքի մեծ բաժինն, անշուշտ, մորինն է։ Մոր կողմից հարևանի հետ վարվելակերպը՝ հրելը, խոսելաձևը արձանագրելիս՝ տեսնում ենք, որ հնարավոր է իր գործողության արդյունքում է աղջիկն այդ վիճակում հայտնվել»,- նշել էր փաստաբանը։

Նշենք, որ հաղորդման փորձագետները հույս էին հայտնել, որ հաղորդումը ոստիկանության կողմից կդիտարկվի որպես հաղորդում հանցագործության մասին։ Մեզ հետ զրույցում ասաց ոստիկանությունից փոխանցել էին, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Կարմիր քամին լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրորդային՝ զարգանում է որպես տեղային թարախային պրոցեսների (օրինակ, ֆուրունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն։ Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամադրվածությունը, ալերգիան (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ)։ Հիվանդության ախտանշաններ են՝ ջերմության հանկարծակի բարձրացում՝ 40-41°C, դող, թուլություն, գլխացավ, փսխումներ։ Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ։ Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վերջույթների վրա և առաջացնում այրող ցավեր։ Մոտակա ավշահանգույցները մեծանում են, դառնում ցավոտ։