Թուրքիան ճանաչեց հայկական հարցը

Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ Բարձր խորհրդատվական մարմնի հանդիպումից հետո Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի ծառայության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, թե «որոշ շրջանակներ փորձում են 1915 թվականի դեպքերի վերաբերյալ հայերի պնդումներն օգտագործել» Թուրքիայում պառակտում առաջացնելու համար:

Նա հայտնել է, որ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած Բարձր խորհրդատվական մարմնի հանդիպման օրակարգում եղել է նաեւ «1915 թվականի դեպքերի» հարցը, դրա շուրջ «ազգային ու միջազգային կարծիքները», քննարկվել են անելիքները՝ հետագա «ապատեղեկատվության» հետագա տարածումը կանխելու համար:

Թուրքիայի պաշտոնյաները հայերի ցեղասպանությունը բնորոշում են «1915-ի դեպքեր», դա նորություն չէ: Բայց, կարծես թե նորություն է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան այդ հարցը դիտարկում է Թուրքիայի պառակտման համատեքստում, փաստորեն համարելով, որ այստեղ կարծիքների տարբերությունն այնպիսին է, որ ունի Թուրքիա պառակտելու ներուժ:

Անկարան Էրդողանի աշխատակազմի նշանակալի պաշտոնյայի շուրթերով փաստացի ճանաչում է հայկական հարցը ոչ միայն որպես արտաքին, այլ նաեւ ներքին մարտահրավեր:

Ի՞նչն է ստիպել Թուրքիայի իշխանությանը գնալ այդ ճանաչմանն ու հայկական հարցը, դրան հակազդելու քայլերը քննարկել նախագահ Էրդողանի գլխավորությամբ Բարձր խորհրդատվական մարմնի նիստում: Անկասկած է, որ այդ հանգամանքը վկայում է էական անհրաժեշտության մասին, որի առաջ է Թուրքիան:

Այն դեպքեւմ, երբ թվում է, որ Անկարային զբաղեցնողը այժմ բոլորովին այլ հարցեր են՝ Լիբիա, Մերձավոր Արեւելք, որտեղ ամերիկա-իրանյան դիմակայություն-խաղի նոր, շրջադարձային փուլ է, ինչը էական նոր հանգամանքներ է առաջ բերելու նաեւ Աստանայի Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձեւաչափում: Միաժամանակ, Վաշինգտոնն Անկարային հասկացնում է, որ մերձավորարեւելյան խաղում մնում է միայն ՆԱՏՕ-ի կազմում կամ եվրատլանտյան տրամաբանության շրջանակում խաղալու տարբերակը:

Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ Թուրքիայի նախագահն այդ ամենում հիշում է հայկական հարցը եւ անդրադառնում դրան նաեւ ներքին ասպեկտով, այդ համատեքստում խոսելով դրա «պառակտիչ» կարողության մասին: Հայկական հարցն այն է, որն անկասելի խաղաքարտ է Թուրքիայի դեմ բոլոր կողմերից՝ թե բարեկամ, թե մրցակից: Եվ ակնառու է, որ աշխարհակարգային վերափոխման առանցքային շրջափուլում այդ խաղաքարտի կարեւորությունն աճում է բոլոր կողմերում՝ որպես համաշխարհային պատմության «բազային» տարր:

Թուրքիայի նախագահն ըստ երեւույթին սկսում է պատրաստվել վայրէջքին, կամ ավելի շուտ՝ պատրաստվել անկմանը, այն գոնե վայրէջքով փոխարինելու ակնկալիքով: Խորհրդանշական է, որ դա տեղի է ունենում Լիբիայի հանդեպ թուրքական հետաքրքրության ֆոնին, որը տարիներ առաջ վերածվեց «խայտառակ անկման» մոնումենտի՝ Քադդաֆիի տխուր պատմությամբ:

Խոսելով պառակտման վտանգի մասին, Էրդողանը գործնականում ենթագիտակցորեն մտորում է Քադդաֆիի ճակատագրի շուրջ: Առերեւույթ նա դեռեւս օդում է, բայց ակնառու է, որ թռիչքի ժամանակը մոտենում է ավարտին: Շարունակելու դեպքում մեծանում է անկման, քան վայրէջքի հավանականությունը: Իսկ այժմ դա կատարելը բարդ է,  որովհետեւ Էրդողանը հեռացել է օդանավակայանից՝ որտեղից թռիչք է կատարել, եւ չի հասցնում մոտենալ իր ակնկալած հանգրվանին: