ՇՏԱՊ։ Քոչարյանը գաղտնազերծեց. այդ փուչիկը վաղուց պայթել է

Lragir.am-ը գրել է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի նախագահի սպասվող ընտրությանը, արել է մի քանի հայտարարություն, որից պարզ է, թե ով է նախագահի ընտրությանը նրա թեկնածուն…

Նրա գնահատականից պարզ է, որ խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է, թեեւ մինչ այդ էլ հանրային զգալի շերտերում այդ առնչությամբ չկար կասկած: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»․․․

Թեև, միայն Վիտալի Բալասանյանը չէ իհարկե, որ կարող է համարվել պատերազմով անցած՝ Արցախում գործնականում չկա պատերազմով չանցած մարդ, այդուհանդերձ երկրորդ նախագահի ձևակերպումը ուրվագծում է Վիտալի Բալասանյանի վրա կատարվող խաղադրույքը․․․

Դրա վկայությունն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, թե «Իշխանության հռչակված իրա­վահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման․․․

Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նա­խագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը․․․

Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը։ Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք․․․

Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», հայտարարում է երկրորդ նախագահը․․․

Նա միաժամանակ կրկնում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում չունի ռազմավարություն եւ գործողությունների պլան, իսկ Բրատիսլավան դրա վկայությունն էր․․․

Այդ մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում է Հայաստանը հավանություն տվել բանակցային սկզբունքների մի փաթեթի, որը հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» ձեւակերպմամբ․․․

Փաթեթ, որը գործնականում այն հաղթանակը հանձնելու մասին է, որին Հայաստանի նոր իշխանությունից իբրեւ թե սպառնացող վտանգ կա ըստ Ռոբերտ Քոչարյանի․․․

Այսինքն, ներկայում հաղթանակին սպառնացող վտանգի մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում այդ հաղթանակը հանձնելու մասին սկզբունքները ընդունվել են որպես բանակցության հիմք․․․

Մյուս կողմից, միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը թիրախավորում արցախյան գործընթացը։ Մի առումով դա Հայաստանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ուժերի ավանդական գործիք կամ խաղաքարտ է իշխանություն ունեցող ուժերի հանդեպ․․․

Մյուս կողմից, երկրորդ նախագահի համար քաղաքական պաշտպանության վերջին հույսը մնացել է Արցախը, այն բանից հետո, երբ անգամ ընկեր Պուտինը չարդարացրեց հույսերը․․․

Երկրորդ նախագահն ակնկալում է, որ հնարավոր կլինի քաղաքական պաշտպանության հենակետ ձեւավորել Արցախում: Քաղաքական տրամաբանության տեսանկյունից հասկանալի է եւ ընդունելի,

բայց ամբողջ հարցն այն է, որ երկրորդ նախագահը կարծես թե այդ խնդրի համար պատրաստ է կանգ չառնել անգամ հանրայնորեն և պետական առումով խիստ վտանգավոր հեռանկարների եւ շեշտադրումների առաջ․․․

Մասնավորապես, նա փաստորեն փորձում է Արցախում մրցակցային քաղաքականության հեռանկարը մատուցել այնպես, որ սահմանին ռազմական միջադեպերը դրանից ավելի լավ են․․․

Այն դեպքում, երբ Արցախի հաղթանակի եւ առավել եւս դրա միջազգային լեգիտիմացման հարցում էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Հայաստանը ԽՍՀՄ փլուզման եւ աշխարհակարգային վերափոխման այդ շրջափուլում դիտարկվել է արդիական քաղաքականության ռեգիոնալ գլխավոր գործընկեր․․․

Ավելին, խնդիրները եւ մադրիդյան սկզբունքները առաջացել են այն պատճառով, որ քաղաքական արդիականացմանը փոխարինել է ամբողջատիրությունը՝ «ալիբի» դիտվող ռազմա-հայրենասիրական քողի ներքո․․․

Գիտակցված թե ակամա, Ռոբերտ Քոչարյանը ուրվագծում է մի վտանգավոր հանգամանք և անում գուցե ակամա գաղտնազերծում, որ սահմանին ռազմական միջադեպերն ու զոհերը նախկին իշխող համակարգի համար եղել են քաղաքական մրցակցությունը զսպելու «ալիբի», հանրությանը վախի, տագնապի մեջ պահելու միջոց․․․

Ու չնայած այն, որ ապրիլյան քառօրյային «անվտանգության գերակայության» այդ փուչիկը պայթեց, երկրորդ նախագահը գուցե իներցիայով, իսկ գուցե մտածողության այլ ուղղությունների անկարողության պատճառով վերստին խաղադրույք է կատարում բոլորի աչքի առաջ պայթած այդ փուչիկի վրա, որի աղետալի հետեւանքը կանխվել է լոկ բանակի խիզախության եւ հանրության կամավորական ջանքի շնորհիվ․․․