Մավրը արեց իր գործը. Մեղադրանք Սերժ Սարգսյանին. Ինչ է իրականում կատարվել

Lragir.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ մեղադրանքի, նրա որոշմամբ պետությանը պատճառվել է մոտ 5 միլիարդ դրամի վնաս…

Խոսքը, ըստ ՀՔԾ մեղադրանքի, 2013 թվականին գյուղացիական տնտեսություններին մատակարարվելիք էժան դիզվառելիքի մասին է: Եղել է ավելի էժան առաջարկ, եւ այն ընդունելու դեպքում պետության սուբսիդիայի փողը կկազմեր մոտ կես միլիարդ դրամով ավելի պակաս…

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը…

Սերժ Սարգսյանի հնարավոր մեղադրանքի եւ ձերբակալության մասին տեւական ժամանակ խոսել են նրան մերձ շրջանակները: Մի քանի շաբաթ առաջ այդ մասին խոսեց նաեւ ինքը Սարգսյանը, ասելով, թե պատրաստ է ձերբակալվել, եթե դա «կերջանկացնի հանրությանը»…

Կան նաեւ հանրային շրջանակներ, որոնք իշխանությանը հարցնում կամ կասկածում են, թե ինչու՞ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանին չի ներկայացվում մեղադրանք եւ նա չի ձերբակալվում…

Բայց այդ հարցերը հատկապես հնչում էին մատիմեկյան գործի համատեքստում, եւ դրանք ակնարկի տեսքով եղել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմում: Հետաքրքիր է, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում այլ գործով…

Ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հանձն առնի մարել պետությանը իր որոշմամբ պատճառած վնասը…

Մյուս կողմից, չնայած մեղադրանքին, Սերժ Սարգսյանը այդուհանդերձ ձերբակալված չէ եւ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը…

Այստեղ կա թերեւս մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Սերժ Սարգսյանը չի կարող դուրս գալ Հայաստանից: Իսկ, օրինակ, Արցախ նա կարո՞ղ է գնալ: Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում բավական հաճախ էր այցելում Արցախ,

որտեղ փորձում էր կարգավորումներ անել ներքին քաղաքական իրողությունների առումով՝ նախկին համակարգի տեղի «մասնաճյուղի» շրջանակում, սպասվող առաջիկա համապետական ընտրության համատեքստում…

Արցախի նախագահի ընտրության գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ: Օրերս Արցախում էր Նիկոլ Փաշինյանը, եւ Բակո Սահակյանի եւ երեք թեկնածուների ու ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի հետ քննարկել են քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Բացակայել է Վիտալի Բալասանյանը…

Գործնականում, ընտրությունից առաջ Արցախում ստեղծվեց մի ներքաղաքական իրողություն, որտեղ նախկին իշխող համակարգի խորհրդանիշ դարձավ Բալասանյանը, եւ միաժամանակ նաեւ «կոնսենսուս մինսուս մեկ» բանաձեւի տրամաբանությամբ գրեթե խաղից դուրս վիճակում հայտնվեց խաղավարտից շատ առաջ…

Այդ գործում իհարկե Բալասանյանը առաջին հերթին թերեւս պետք է «հարցեր» ներկայացնի իր մարտավարությանը, որը սպառեց նրան ֆալստարտի տրամաբանությամբ: Իսկ գուցե Բալասանյանը եւ նրա վրա խաղադրույք կատարած խմբերը այդ հարցում ունեցել են խորհրդատուներ, եւ ըստ այդմ հարցեր կարող են ունենալ նրանց: Իսկ այդ առումով տարբեր տեղեկություններ են եղել մամուլում, որոնք ասոցացվել են այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի հետ…

Այստեղ է, որ հետաքրքիր է՝ նա կարո՞ղ է խափանման միջոցի պայմաններում մեկնել Արցախ: Իհարկե շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա քրեական գործը եւ կլինի՞ արցախյան համապետական ընտրական գործընթացին գրեթե զուգահեռ…

Որովհետեւ, այդ պարագայում ստացվում է հետաքրքիր պատկեր, երբ կիսատ է մնում նրա գործը արցախյան ներքին իրողությունների վրա ազդելու առումով, կամ էլ «մավրը» այդ առումով արեց իր գործը եւ մավրը կարող է Հայաստանից այլեւս չհեռանալ», այնտեղ ավելորդ հարցեր չլսելու համար…