Փաշինյանի կոշտ արձագանքը Սերժ Սարգսյանին․ Երկար սպասված

Lragir.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, քաղաքացիների հետ անկեղծ զրույցի շարք սկսեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում շարքի ամենասկզբում անդրադառնալով Արցախի հարցում իր հասցեին մեղադրանքներին․․․

Գործնականում, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծեց անկեղծ զրույցի «ինֆորմացիոն առիթը», որն էլ Փաշինյանն օգտագործեց․․․

Արցախի հարցում պարբերական մեղադրանքների նա արժանանում է թավշյա հեղափոխությունից ի վեր, ինչպես արձանագրեց ինքն էլ․․․

Ինչու՞ հանկարծ նա որոշեց պատասխանել այդ մեղադրանքներին այժմ, երբ կարծես թե դրանք այնքան էլ ուժգին փուլում չեն․․․

Փաշինյանի անդրադարձը կամ «ինֆորմացիոն առիթը» ըստ երեւույթին ուներ այլ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Հայաստանի հանրությունը չէր․․․

Վարչապետն առիթն օգտագործեց որոշակի դիրքորոշում վերհաստատելու եւ Հայաստանի քաղաքականության համար համահայկական մանդատի հանգամանքը վերհաստատելու հարցում․․․

Այդ մանդատը վերհաստատվում էր ամենեւին ոչ հայկական լսարանի համար: Հասցեատերը թերեւս Հայաստանից դուրս էր, բայց գուցե Հայաստան այցելել պատրաստվող որեւէ մեկը․․․

Օրինակ, առաջիկայում սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան․․․

Դրանից առաջ ռուսական Կոմերսանտ պարբերականը, որը տարիներ շարունակ հայտնի է հակահայկական տարաբնույթ անդրադարձերով, տեղեկություն հրապարակեց, թե Լավրովի այցի ընթացքում կստորագրվի հուշագիր՝ Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի հնարավորության վերաբերյալ․․․

Ադ թեման, ի դեպ, շոշափվում է դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից: Հետաքրքիր էր Երեւանի անդրադարձը․․․

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Լավրովի այցը ներառում է հայ-ռուսական լայն օրակարգ՝ երկկողմ, ռեգիոնալ հարցեր ընդգրկող, իսկ լաբորատորիաների հարցում կա բանակցություն, երբ այն ավարտվի, արդյունքը հայտնի կլինի․․․

Կոմերսանտի հրապարակման առնչությամբ նախարար Մնացականյանը հայտարարել էր, որ անհարմար է, երբ աղբյուրները դուրս են հանում տեղեկություններ եւ անտեղի քամի ստեղծում․․․

Ո՞ր աղբյուրների, ի՞նչ տեղեկություն դուրս հանողների եւ անտեղի քամու մասին էր խոսում ԱԳ նախարարը: Զոհրաբ Մնացականյանի խոսքի տողատակում թերեւս նկատելի էր ակնարկը, որ Լավրովի այցից առաջ Կոմերսանտի միջոցով փորձ է արվել Հայաստանը դնել որոշակի ճնշման տակ․․․

Բայց լաբորատորիաների հարցո՞ւմ, թե՞ այդ հարցն այսպես ասած շեղող մանեւրն է, իսկ բուն խնդիը կարող էր լինել Արցախի հարցը, որտեղ անկասկած շարունակվում է եւ երկար է շարունակվելու դիրքային պայքարը․․․

Եվ այդ պայքարում Ռուսաստանն անշուշտ պարբերաբար փորձելու է Ադրբեջանի ուղղությամբ իր հարաբերության դիրքերն ամրացնել Հայաստանից թեկուզ որեւէ խոստում կորզելով՝ կստացվի՞, լավ, չի՞ ստացվի, հոգ չէ իհարկե՝ բայց գոնե փորձած կլինեն․․․

Առավել եւս, որ Հայաստանն էլ հեղափոխությունից հետո ուղիղ պատասխանատվության առաջ է դրել Մոսկվային պատերազմի սպառնալիքի առումով, եւ Ռուսաստանն այստեղ ունի որեւէ կերպ այդ պատասխանատվության ճնշումը թուլացնելու անհրաժեշտություն․․․

Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունը ներկայում գտնվում է «գոտեմարտի» ռեժիմում, եւ այստեղ Արցախի հարցն առանցքայիններից է լինելու տեւական ժամանակ, ու ամեն անգամ Երեւանի համար անհրաժեշտ է լինելու պահել ամրությունը․․․

Առավել եւս, որ այդ հարցը լրջագույն ռիսկերի փուլ կարող է մտնել ՌԴ իշխանության ներսում տարբեր խմբերի եւ թեւերի պայքարի ուժգնացման հեռանկարի ֆոնին․․․

Այդ հանգամանքը լավ է պատկերացնում Սերժ Սարգսյանը, որն իր նախագահության տասնամյա շրջանում ստիպված էր լուրջ ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ «գոտեմարտի» ուղղությամբ, չունենալով ներքին լեգիտիմություն ու նաեւ գործնականում թիկունք՝ համարժեք ընդդիմության տեսքով․․․

Ի վերջո, երբ Սարգսյանը հայտարարում է, որ կարող է «անկեղծ զրույց» ունենալ, թերեւս բոլորն են հասկանում, թե հարցերի ինչ լայն շրջանակ նա կարող է շոշափել այդ անկեղծության ընթացքում․․․

Հատկապես, երբ Սարգսյանն այնքան անկեղծ է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձը, եւ Պուտինն էլ իհարկե չի շնորհավորել նրանը․․․