Ադրբեջանի քողարկված ագրեսիան. Ինչ է կանխել Խաչատուրովը

Lragir.am-ը գրում է.

Bellingcat հետաքննական պարբերականը նախօրեին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերը մի քանի դիրք են զբաղեցրել` մի քանի հարյուր մետր խորանալով Վրաստանի տարածք…

Ադրբեջանի սահմանապահ ուժերը գործնականում ռազմա-տեխնիկական նույն հագեցածությամբ են, ինչ ցամաքային մարտական ստորաբաժանումները, ինչպես արձանագրում են ռազմական փորձագետները…

Ըստ միջազգային հետաքննական հարթակի, դիրքերից մեկը գերակայող նշանակություն ուներ նաեւ Հայաստանի նկատմամբ, բայց հետագայում հայկական զինուժի գործողության շնորհիվ Ադրբեջանի այդ գերակա դիրքը չեզոքացվել է, քանի որ հայկական ուժերը զբաղեցրել են առավել գերակայություն ունեցող դիրքեր: Ռեսուրսը չի հայտնում, թե դրանք որ տարածքում են…

Սակայն, խոսքն ամենայն հավանականությամբ Վրաստանի տարածքի մասին չէ: Մի քանի ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ հայկական զինուժը հյուսիս-արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի սահմանին զբաղեցրել է նոր դիրքեր եւ այդպիսով գերակայություն հաստատել այդ շրջանում, չեզոքացնելով ադրբեջանական զինուժի մի շարք հնարավորություններ…

Շաբաթներ անց գեներալի կոչում ստացավ Գրիգորի Խաչատուրովը, որն ըստ մամուլի հրապարակումների, եղել էր այդ գործողության հրամանատարը: Օրերս իր ֆեյսբուքյան լայվերից մեկում Խաչատուրովի գեներալի կոչմանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իհարկե այլ համատեքստային առիթով, բայց նշելով, որ ինքն այդ որոշմամբ գնահատել է Գրիգորի Խաչատուրովի ծառայությունը…

Հայկական զինուժը փաստացի չեզոքացրել է Վրաստանի տարածքից Հայաստանին սպառնացող ադրբեջանական վտանգը, բայց մնացել են մի շարք էական հարցեր, թե անմիջականորեն Հայաստանի անվտանգության, թե ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության ու ռազմա-քաղաքական հեռանկարների տեսանկյունից: Դրանց մի մասը շոշափել եմ Ադրբեջանական զորքը ներխուժել է Վրաստան. ելք չկա հոդվածում…

Հարցերն անշուշտ բավական շատ են, այդ թվում եւ այն, թե արդյոք հիմք կարող է ունենալ նաեւ իրադարձությունների զարգացման այնպիսի վարկած, ըստ որի Ադրբեջանը կարող է Վրաստանի տարածքում առաջխաղացում արձանագրած լինել պաշտոնական Թբիլիսիի լուռ համաձայնությամբ…

Դա իհարկե ուղղակիորեն կնշանակեր Հայաստանի դեմ թշնամական գործողություն, այն դեպքում, երբ Հայաստանն է ռեգիոնալ առումով Վրաստանի թերեւս բացառիկ բնական դաշնակիցը: Այդ իմաստով, պաշտոնական Թբիլիսիի արձագանքը ստեղծված իրավիճակում իրապես կարեւոր է…

Միաժամանակ, արժե արձանագրել թերեւս մեկ այլ ուշագրավ հանգամանք: Ամիսներ առաջ Բաքուն հայտարարեց, որ Տավուշի սահմանային գոտում ցամաքային զորքը հեռացնում է եւ տեղակայում սահմանապահ զորքեր…

Առերեւույթ այդ փոփոխությունը ռազմական մասնագետները գնահատեցին իմիտացիա, արձանագրելով, որ Բաքվի սահմանապահ զորքը ռազմա-տեխնիկական առումով գրեթե չի զիջում ցամաքային զորքին, հետեւաբար Ադրբեջանի քայլը քարոզչական է, իբրեւ թե խաղաղության միտվածություն ցույց տվող…

Գործնականում, վրացական ուղղությամբ զարգացումը հաստատեց հենց այն, որ Ադրբեջանը ընդամենը արել է առերեւույթ, իմիտացիոն քայլ: Սակայն, դա գուցե ամբողջը չէ…

Հարց է առաջանում, արդյոք Ադրբեջանը այդ շրջանում սահմանապահ զորքի առավել մեծ խմբաքանակի կենտրոնացում չի ապահովել հենց այն նկատառումով, որ բավական դյուրին լինի քարոզչա-տեխնիկական այդ քողարկումով առավել անաղմուկ իրականացնել Վրաստանի տարածք մտնելու գործողությունը…

Այդ գործողության համար Բաքվից կպահանջվեր թերեւս ավելի շատ սահմանապահ ռեսուրս, եւ այսպես կոչված փոխարինումով Բաքուն ստեղծել է ադ շրջանում սահմանապահ զորքի ռեսուրսն ավելացնելու հիմք, իբրեւ Հայաստանի հետ սահմանում ցամաքային զորքը սահմանապահով փոխարինելու խաղաղարար նպատակով…

Այդ հարցերը դարձե՞լ են Երեւան-Թբիլիսի քննարկման առարկա: Տարօրինակ կլինի իհարկե, եթե չդառնային: Մյուս կողմից հասկանալի է, որ դրանք բարձրաձայն քննարկման հարցեր չեն, առավել եւս, որ Բաքվի մեկ այլ նպատակ էլ թերեւս հայ-վրացական հարաբերության տորպեդահարումն է, ինչը չպետք է թույլ տրվի որեւէ դեպքում…