Վազգեն Մանուկյանի անսպասելի հայտարարությունն ու հրաժարումը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է.

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը tert.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ հեռանկարներին, խոսել է նաեւ 1996 թվականի ընտրության մասին եւ անսպասելի հայտարարություն արել…

«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար», ասում է Վազգեն Մանուկյանը…

Վազգեն Մանուկյանը փաստացի հրաժարվում է 1996 թվականի «պահանջից»: Այդ պահանջը իրավա-քաղաքական առումով նա երբեք չի էլ ներկայացրել, սակայն աներկբա է նաեւ, որ իբրեւ քաղաքական գործիչ Մանուկյանը դուրս չի եկել 1996-ի «բարդույթից»՝ Հայաստանում ձեւավորվող ամբողջատիրական համակարգին առաջինը հաղթողի եւ առաջինը խլված հաղթանակի տիրոջ «բարդույթից», միաժամանակ նաեւ հաղթանակին առաջինը «տեր կանգնել չկարողացած» գործչի «բարդույթից»…

Դա հետագայում շոշափելի ազդեցություն ունեցավ Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերայի հարցում, որը գնաց սրընթաց նվազման, թեեւ այդ գործում իհարկե իր դերն ունեցավ նաեւ իշխանության այն շրջանակը, որը 1998-ին եկավ առաջին դիրք եւ «ընդդիմության» առաջին դիրք բերեց Կարեն Դեմիրճյանին…

Վազգեն Մանուկյանն այժմ հայտարարում է 1996 թվականի պահանջից փաստացի հրաժարվելու մասին, ինչը նշանակում է, որ Մանուկյանը հաղթահարում է այդ «բարդույթները»: Ի՞նչն է բերել դրան, դժվար է ասել՝ որեւէ քաղաքական նպատակահարմարություն, կամ այլ հանգամանք…

Ի վերջո, պետք է արձանագրել, որ պետական մակարդակում Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո է առաջին անգամ ճանաչվել Վազգեն Մանուկյանի խախտված իրավունքը: Դա տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հանրային խորհրդի անդամներին, Վազգեն Մանուկյանին դիմելով խոսեց նրա քաղաքական հետապնդման եւ իրավունքի խախտման ենթարկված լինելու մասին…

Իսկ այդ խոսքը հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինյանի հղած ուղերձի փաստացի շարունակությունն էր: Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով հղված ուղերձը Փաշինյանը փաստացի վերածեց Հայաստանի հետանկախական շրջանի ներքին կյանքի քաղաքական գնահատականի, պետության անունից ներողություն խնդրելով ոչ միայն մարտի 1-ի զոհերի հարազատներից եւ տուժածներից, այլ ընդհանրապես քաղաքական հետապնդման եւ այդ շարժառիթով իրավունքի խախտման ենթարկվածներից…

«2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում…

Անթույլատրելի այդ երեւույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն», մարտիմեկյան ուղերձում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը…

1996-ի վերաբերյալ Վազգեն Մանուկյանի ներկայիս հայտարարությունը շոշափում է Հայաստանի համար սկզբունքային հասարակական-քաղաքական հարցեր, որոնք խորքային առումով բխում են հենց Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից…

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ունի անցյալի գնահատման կարեւոր անհրաժեշություն, բայց ամենեւին ոչ այդ անցյալի հետ հավերժական վիճաբանության կամ «ռազբորկայի» սնուցման հարմարավետ նպատակով: Անցյալն անշուշտ ունի իր շոշափելի համակարգային հետքը ներկայում, սակայն խոշոր հաշվով ներկայի խնդիրը այդ հետքը ջնջելը չէ, որովհետեւ դրա համար անընդհատ հարկ է լինելու նայել հետ: Հրամայականը անցյալի հետքից առաջ պոկվելն է, արագացնելը…

Դա իհարկե հեշտ չէ, որովհետեւ մշտապես լինելու են անցյալը հիշեցնողներ, այսպես ասած «հետեւից ձայն տվողներ», եւ միշտ լինելու է «գլուխը հետ դարձնելու» գայթակղություն, որովհետեւ դա ավելի դյուրին է, քան արագ առաջ շարժվելը: Այդպես, մինչեւ անցյալի թեման իհարկե կսպառվի, ու հանկարծ կպարզվի, որ ձեւավորված, մշակված եւ համակարգային առումով «ցրցամ տրված» չէ ապագան…

Այդ իմաստով, Վազգեն Մանուկյանը ցույց է տալիս անձնական օրինակ: Իհարկե, նրա դիրքում դա ավելի հեշտ է, քան քաղաքական իշխանության, որովհետեւ բացարձակապես տարբեր են մարտահրավերները եւ խնդիրները: Բայց սկզբունքորեն, մոդելը դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ հենց թավշյա հեղափոխության միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների ու նպատակների սպասարկման տեսանկյունից, որովհետեւ կարճաժամկետ եւ օպերատիվ խնդիրներն ու նպատակները հեղափոխությունն արդեն լուծել է…