Հրայր Թովմասյանը հետ մղեց առաջին հարձակումը և սպառնաց

Lragir.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Գագիկ Հարությունյանը չէ, նա այլ սերնդի մարդ է, որն իշխանությունը չի ընկալում որպես կոշտ ուղղահայաց:

Ավելին, Հրայր Թովմասյանն այն անձանցից մեկն է, որը 2015 թվականին գրել է Սահմանադրությունը եւ շրջել իշխանության ուղղահայացը՝ այն հորիզոնական դարձնելով: Անկասկած, դա արվում էր Սերժ Սարգսյանի համար, սակայն ցանցային իշխանության ստեղծումն ինքնին դրական երեւույթ էր: Հայտնի չէ, թե 2018 թվականի ապրիլին ինչպես կդասավորվեին իրադարձությունները, եթե երկրում իշխանությունը կոշտ ուղղահայաց լիներ, այլ ոչ թե հորիզոնական:

Լրատվամիջոցները գրում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու մտադրություն ունեցող իշխանությունը սկզբում հույս ուներ, որ նա Գագիկ Հարությունյանի պես հանրային ճնշման տակ հրաժարական կտա: Թովմասյանը, սակայն, թրոլինգը քշում է ինչպես ճանճի եւ չի պատրաստվում հրաժարական տալ:

Թրոլինգը գագաթնակետին հասավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երդման ժամանակ, որը խորհրդարանում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան ու դատավորներ չկան. եւ այդ պահին միայն ինքը կարող է ստանձնել ՍԴ նախագահի լիազորությունները:

Հրայր Թովմասյանն այդ «ձեռնոցն» էլ հետ մղեց՝ զգալով, որ «վերեւից» աջակցություն չկա Գրիգորյանի հայտարարություններին: Չնայած Փաշինյանը հայտարարել է, որ ցնցված էր Վահե Գրիգորյանին նամակից, իսկ Հրայր Թովմասյանին անվանել էր «ՍԴ-ն բուդկայի պես սեփականաշնորհող», ակնհայտ դարձավ, որ Հրայր Թովմասյանը կարողացել է հետ մղել առաջին հարձակումը: Կառավարություն իրոք լծակներ չունի ՍԴ նախագահին հեռացնելու համար:

Երբ դա ակնհայտ դարձավ, Հրայր Թովմասյանը հարցազրույց տվեց Արմնյուզին ու ասաց, որ Սահմանադրության համաձայն՝ 4 ինստիտուտներ՝ կառավարությունը, խորհրդարանը, նախագահն ու դատարանը հավասարազոր են: Դա ուղիղ ակնարկ էր, որ եթե կառավարության ղեկավարը կամ խորհրդարանը փորձեն ուժով հեռացնել իրեն, կստացվի, որ ինքն էլ լիազորություն ունի հեռացնել մյուս մարմինների ղեկավարներին:

Հրայր Թովմասյանը չի հեռանալու ու շարունակելու է մինչեւ վերջ օգտվել նույն իրավուքններից, որոնք իր համար գրել է Սահմանադրությունում: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ ղեկավարը, որն անփոխարինելի է ու ոչ ոքի ենթակա չէ, անգամ ավելի շատ իրավունքներ ունի, քան վարչապետը:

Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի բացառում Սահմանադրությունում փոփոխության հնարավորությունը ՍԴ շուրջ իրավիճակի կարգավորման համար: Փաշինյանն ասել է, որ ՍԴ մասին դրույթ կա, որը մինչեւ 2035 թվականը հնարավոր չէ փոխել, որովհետեւ Հյայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն: Պետք է ենթադրել, որ առաջարկվելու է փոխել այդ դրույթը:

Այս ամենի մեջ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Հրայր Թովմասյանի հեռացումն է դատական բարեփոխումների ու կարեւոր այլ պետական գործընթացների պայմանը: Թովմասյանին անպայման հեռացնելու ձգտման մեջ կա՞ ինչ-որ մեկի անձնական կամ խմբակային շահը: Կառավարությունը պատրա՞ստ է հանուն այդ շահի փոխել Սահմանադրությունը եւ կոշտ քայլերի գնալ: Ի՞նչ կփոխվի, եթե Թովմասյանի փոխարեն մեկ այլ անձ նախագահի: Եվ ո՞վ:

Հայաստանում, անկասկած, արմատական դատական բարեփոխում է պետք եւ չափանիշների սահմանում դատավորների համար: Քանի դեռ այդ չափանիշները չկան, դժվար է հասկանալ, թե ինչու են մի դատավորի հրաժարականը պահանջում, իսկ մյուսինը՝ ոչ: Չափանիշների բացակայությունը հանգեցնում է սպեկուլյացիաների, երբ հրաժարականի պահանջը ներկայացվում է որպես քաղաքական ճնշում: Առանց դատաիրավական մատրիցայի դատավորների նկատմամբ պահանջները նման են թրոլինգի՝ կարեւոր չէ արդարացի, թե ոչ: