Կրկեսի շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում. Ի՞նչ տեսք ունի նոր կրկեսի շենքը ներսից. ՖՈՏՈ

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից

Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2 հազար նստատեղ։ Սա Երևանի կրկեսի նոր շենքի հակիրճ նկարագրությունն է։ «Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային վստահեցրեց, որ այս շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում։

Երևանյան կրկեսի շինարարական աշխատանքները մեկնարկեցին, երբ 2011 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։

«Այսպիսի կրկես տարածաշրջանում չկա։ Շենքի նախագծման աշխատանքով լուրջ ընկերություն է զբաղվել։ Արտաքին աշխատանքներն 99%–ով ավարտվել են, այս պահին մնում է ավարտել ներքին աշխատանքները», – ասաց Հովհաննիսյանը։

Նոր շենքն ունի 8 հարկ, 6–ը` վերգետնյա, 2–ը` ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։

Հովհաննիսյանի խոսքով` ամեն ինչ հաշվարկվել է, որպեսզի շենքը հարմարավետ լինի։ Վերջին հարկերում հյուրանոցային համարներ են կառուցվել, որպեսզի կրկեսային հյուրախաղերի եկած արտիստները գումար չծախսեն հյուրանոցների վրա։

Ենթադրվում է, որ ստորին հարկերում ավտոկայանատեղիից բացի, կինոթատրոն, բուֆետ և ժամանցային կենտրոն կլինի։ Ըստ Հովհաննիսյանի` շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, որը 46 մետր տրամագծով թռչող կոնստրուկցիայի ձև ունի։ Գմբեթը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով։

«Հատուկ գմբեթի համար մշակված փայտը կոնստրուկցիան դարձնում է թեթև, սեյսմակայուն և հրակայուն», – ասաց Հովհաննիսյանը։