Ռուսաստանում ավարտվել է Ավրաամ Ռուսոյի առևանգման գործի քննությունը

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավարտել է 2004 թվականին երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննության արդյունքում պարզվել է, որ Թելման Իսմաիլովը 2004 թվականի հունվարին, լինելով հանցավոր համաձայնության մեջ, խաբեությամբ ապահովել է Ռուսոյի ժամանումը Մոսկվայի «Պրահա» ռեստորան, ինչից հետո նրան ուղեկցել է իր առանձնասենյակ, որտեղ այլ տղամարդկանց հետ բռնությամբ պահել են նրան ու ծեծի ենթարկել:

Այնուհետև, Իսմաիլովը պահանջել է Ավրաամ Ռուսոյից չեղարկել բոլոր համերգներն ու էստրադային գործունեություն ծավալելու նպատակով պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել իր հետ: Ավելի ուշ, մեղադրյալները Ռուսոյին նստեցրել էին մեքենա, տեղափոխել Իսմաիլովի տուն, որտեղ պահել էին մի քանի օր, քանի դեռ նա չէր համաձայնել կատարել բոլոր պայմանները:

Հավաքված ապացույցների հիման վրա քրեական գործն ուղղվել է ՌԴ գլխավոր դատախազություն: Հետաքննությունը շարունակվում է, մեղադրյալները շարունակում են միջազգային հետախուզման մեջ լինել: