Հայաստանը և հայերը 19-րդ դարի անգլիացի ճանապարհորդների աչքերով

Հայաստանի և հայերի մասին ճանապարհորդական գրականությունը նույնչափ մեծաքանակ է ու բազմազան, որչափ որ են ճանապարհորդների տեսակետները:

Այս հոդվածը ոչ մեծ ուսումնասիրություն է, որը կենտրոնացել է որոշակի ժամանակահատվածի և ճանապարհորդների միատարր էթնիկ խմբի վրա, բոլորովին էլ սպառիչ չէ և վեր է հանում Հայաստանի ու հայերի նկարագրի որոշ կողմեր՝ հիմնվելով քսանութ անգլիացի ճանապարհորդների հաղորդած տեղեկությունների վրա, որոնք շրջել են Հայաստանով 1813-1881թթ. ժամանակահատվածում:

Այս ճանապարհորդներից շատերի համար Հայաստանը ծրագրված երթուղու մաս է կազմել, մինչդեռ ուրիշների համար եղել է այլ վերջնակետերի ճանապարհին ընկած շրջաններից մեկը: 1828 թվականին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացնելուց հետո և 1830-ականների ամբողջ ընթացքում ճանապարհորդների թվի զգալի աճ է տեղի ունենում.

նրանցից մի քանիսը տարածաշրջանի մանրակրկիտ տեղագրական ուսումնասիրություն են կատարում: Հետաքրքրության այս աճը հավանաբար Բրիտանիայի երկյուղների բարձրակետն էր վաղ դարասկզբին՝ պայմանավորված Արևելքում իրենց իմպերիալիստական տիրապետություն հնարավոր ֆրանսիական ներխուժմամբ: Ջ. Մ. Քիննեյրը՝ պրոֆեսիոնալ զինվորական և դիվանագետ, միանշանակ այդ մտահոգությունն էր արտահայտում, երբ նշում էր, որ իր որոշումն էր «այցելել բոլոր այն երկրները, որոնց միջով որևէ եվրոպական բանակ կարող էր Հնդկաստան ներխուժելու փորձ կատարել»