ՀՀԿ-ն անցավ վտանգավոր սահմանը

Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Արցախի ղեկավարությունը խոհեմ գտնվեց եւ չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի արձագանքին, որովհետեւ Փաշինյանը նպատակային հակադրություն է առաջացնում Արցախի հետ: Դավիթ Շահնազարյանն այդ հակադրությունը դիտարկում է իշխանության դիմաց Արցախը հանձնելու Փաշինյանի ծրագրի իր վարկածի շրջանակում, որի մասին հայտարարել էր օրերս:

Շահնազարյանը փաստորեն նպատակային առաջ է մղում իր այդ վարկածը, չնայած Փաշինյանը տվել էր այդ մեղադրանքների պատասխանը: Ու նաեւ չնայած այն կոչին, որ արել էր ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բոլորին հորդորելով զերծ մնալ Արցախի հարցը նախընտրական եւ ներքաղաքական շահարկման ենթարկելուց, այդ թվում դա հորդորելով նաեւ արցախյան իշխանությանը:

Արցախի իշխանությունն իհարկե խոհեմ է գտնվել, չհակադարձելով Նիկոլ Փաշինյանի վերջին հորդորին: Անխոհեմություն էին ցուցաբերել Արցախի իշխանության առանձին պաշտոնյաներ, ներգրավվելով Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանին թիրախավորելու եւ դրանով նրան հարվածելու օպերացիայի մեջ:

Փաշինյանի հայտարարությունը նպատակաուղղված էր հենց նրան, որ Արցախի իշխանության առանձին ներկայացուցիչներ չհայտնվեն այդ գրոհում, որ փաստացի արդեն ոչ թե նոր իշխանության, այլ Հայաստանի ու Արցախի դեմ ձեռնարկել է Հանրապետական կուսակցությունը կամ դրա նախընտրական ցուցակում ընդգրկված անձանց մի խումբ՝ Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀԿ-ն այդ իմաստով փաստորեն անցավ վտանգավոր սահմանը եւ ձեռնամուխ է եղել Հայաստանի ու Արցախի շահի եւ անվտանգության բացահայտ գրոհի, այլեւս բաց տեքստով սադրելով հակադրություն ոչ միայն Հայաստանի ու Արցախի իշխանության միջեւ, այլ անելով ակնառու քայլեր Հայաստանի ու Արցախի միջեւ ընդհուպ հանրային մակարդակում լարվածություն առաջացնելու ուղղությամբ, ինչը Հայաստանի ու Արցախի անվտանգության լրջագույն սպառնալիք է, որն արդեն անցել է քաղաքական գնահատականի վտանգավոր սահմանը եւ ընդհուպ մոտեցել քրեաիրավական գնահատականի սահմանին:

Ի դեպ, ժամանակին այդպիսի անհրաժեշտության մասին խոսել էր դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայաստանցիների եւ արցախցիների միջեւ սեպ խրելու փորձերի առումով, այսինքն այն առումով, ինչով ներկայում զբաղված է Հանրապետական կուսակցությունը: