Շուշանան` համալսարանից հեռացվելու եզրին է. բաց նամակ Ն.Փաշինյանին

Գյումրու պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Շուշանա Մզիկյանի մայրը՝ Նարինե Սուքիասյանն, օգնության խնդրանքով դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նարինե Սուքիասյանը հայտնում է, որ ուսման վարձը չվճարելու պատճառով դուստրը համալսարանից հեռացվելու եզրին է: Նարինե Սուքիասյանի բաց նամակը ստորեւ.

Ես՝ Նարինե Սուքիասյանս, դիմում եմ Ձեզ հետեւյալ խնդրանքով՝ դուստրս՝ Շուշանա Արմենի Մզիկյանը, ՇՊՀ-ի հումանիտար գիտություների եւ արվեստի ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժնի ուսանողուհի է:

Մեկ տարի սովորել է անվճար համակարգում, սակայն տարեվերջին տեղի ունեցավ դժբախտ պատահար եւ երեխան, ենթարկվելով հոգեբանական սթրեսի, չկարողացավ քննություններ հանձնել գերազանց առաջադիմությամբ, արդյունքում տեղափոխվեց վճարովի համակարգ:

Ես գտնվում եմ սոցիալապես անապահով վիճակում, ունեմ առողջական լուրջ խնդիրներ, բժշկի վերահսկողության տակ եմ եւ ի վիճակի չեմ աշխատելու:

Օրվա երկրորդ կեսին Շուշանան զբաղված է օրվա հաց վաստակելով, աշխատում է խանութում, որպես վաճառողուհի, դասերին ժամանակ է հատկացնում միայն գիշերը: Հոր հետ ոչ մի կապ չունի, նրանից տեղեկություն չունենք, անգամ չգիտենք, թե որտեղ է:

Դուստրս ուսումնատենչ է եւ նորից ձգտում է տեղափոխվել անվճար համակարգ: Խնդրում ենք հնարավորության դեպքում աջակցել, որպեսզի կարողանանք գոնե այս տարվա ուսման վարձը վճարել, այլապես Շուշանան համալսարանից կհեռացվի վարձը չվճարելու պատճառով: