28 տարի առաջ ազատագրվեց Շուշին

28 տարի առաջ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան։

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ:

Չնայած նրան, որ հակառակորդը գերակշռում էր, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը եւ շարժվել դեպի առաջ:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը։

1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 111 եւ վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն եւ շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տեւել է 26 ժամ եւ մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Աղբյուրը՝ ArmDay.am