2024 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց այն մասին, որ 17-ամյա Նոր Խարբերդի բնակիչը, ընկերների ուղեկցությամբ, դիմել է բուժօգնության՝ կտրած-ծակած վնասվածքներով, սակայն նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:
Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք մանրամասներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը և դրանում ներգրավված անձանց ինքնությունը։ Բացահայտվել է, որ զոհված երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել Նոր Խարբերդի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն՝ համագյուղացու հետ անձնական խնդիր պարզելու և վրեժ լուծելու նպատակով, հավաքել է նույն բնակավայրի վեց բնակիչների ու դեռևս չպարզված անձանց և նրանց տեղափոխել գերեզմանատան հարակից տարածք, որտեղ ժամանել է նաև հակամարտող խումբը, այդ թվում՝ Դ.Պ.-ն։
Ս.Ս.-ն, մի խումբ անձանց հետ խմբակային հարձակման դիմելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և նրանց հետ գտնվող անձանց։ Ա.Գ.-ն, դրսևորելով առավել ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել գետնին ընկած Դ.Պ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մահացու վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, արյան հետքերի հայտնաբերում և փորձանմուշների վերցում, ականատես վկաների հարցաքննություն։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և փորձաքննություններ։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ենթադրյալ հանցագործներից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և իրավական գնահատական տալու նպատակով։
Ծանուցում: Հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: