Medialab.am-ը գրում է․ Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է տիրում, որը երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի ուրախ ծիծաղով։ 2.5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում՝ ինչ է պատահել, և սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որը զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ:
«Մեկ-մեկ գալիս է, ասում՝ մամային եմ ուզում, հետո գնում, կանգնում է նկարի դիմաց, ասում՝ նայեք, մաման է։ Երբ տեսնում է Նարինեի հեռախոսը մեր մոտ է, ասում է՝ մամայի հեռախոսը տվեք»,- ցածրաձայն ասում է 33-ամյա Արտակ Վարդանյանը՝ ընտանիքի հայրը, որն այժմ միակ խնամակալն է մնացած չորս երեխաների համար։ Արտակն ասում է, որ կնոջ հիշատակին միշտ կարմիր վարդեր է դնում նրա լուսանկարի առջև․ նրա սիրած ծաղիկներն էին, որ նվիրում էր իրենց ծանոթության օրվանից։
«Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի դեռ այն ժամանակներից, երբ 19-20 տարեկան էինք։ Հիմա էդ կարմիր վարդերը նրա նկարի առաջ եմ դնում, հատկապես՝ նրա ծննդյան օրը, 36 տարեկան էր դառնալու»,- ասում է Արտակը՝ հիշելով այն ծանր օրերը, որոնք շրջեցին իրենց կյանքը։
«Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին։ Կինս երեխաներին դպրոցից բերեց տուն, ապա իջեցրեց շենքի նկուղը։ Ես ամբողջ ժամանակ աշխատանքի էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում և դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր հոգում ամեն ինչ»,- պատմում է Արտակը։
Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որը Նարինեի մահից հետո տեղափոխվել է եղբոր տուն՝ օգնելու երեխաների խնամքի հարցում, հիշում է. «Պատերազմի օրերին անդադար հրթիռակոծում էին քաղաքը, մենք մնում էինք նկուղներում առանց լույսի և ջրի։ Իսկ ամսի 25-ին, երբ տեղեկացանք, որ վառելիք կա, Նարինեն մյուս հարևանների հետ գնաց բենզին բերելու, բայց հենց այդտեղ էլ՝ պայթյունի հետևանքով, նա զոհվեց»։
Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի մոտակայքում՝ փակ տարածքում, որտեղ կուտակված էր 42 հազար լիտր բենզին: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 218 և վիրավորվել՝ 120 քաղաքացի։
Դեպքից հետո Վարդանյանները փնտրել են Նարինեին բոլոր հնարավոր վայրերում, սակայն ապարդյուն։ Հոկտեմբերի 5-ին, երբ հասել են Հայաստան, Կապանի դիահերձարանից զանգ են ստացել և հաստատել են, որ նրա մարմինը այնտեղ է։ Նրան ճանաչել են գրպանում պահած երեխաների նկարներից և ամուսնու ավտոմեքենայի վկայականից։ Հոկտեմբերի 8-ին Նարինեի մարմինը տեղափոխվել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղ և հուղարկավորվել՝ նրա հետ հողին հանձնելով նաև այն տարիները, որ ապրել էին Արցախում։