6 ժամ և ավել տևել է վիրահատությունը. Վերջում ասեցին սրտի կանգ է գրանցվել. ինչու չհաջողվեց փրկել Արսեն Աֆիյանի կյանքը. նոր մանրամասներ
hraparak.am-ը գրում է. Սեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից օրեր են անցել, սակայն Սեւանում խոսում են այն մասին, որ հնարավոր էր փրկել հրազենային վնասվածք ստացած Արսեն Աֆիյանի կյանքը:
Խոսում են այն մասին, որ բժշկական օգնությունն արագ չի ցուցաբերվել, որ հերթապահ բժիշկ չի եղել եւ այլն: Այս դեպքի եւ «Սեւան» ԲԿ-ի գործունեության հետ կապված՝ զրուցել ենք Սեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ:
— Արսեն Աֆիյանի՝ հրազենային վիրավորում ստանալու օրը հիվանդանոցում վիրաբույժ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք հերթապահ բուժանձնակազմը կարողացել է լիարժեք կազմակերպել վիրավորի բուժօգնությունը։ Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ հիվանդանոցում վիրաբույժ չի եղել, նրանք ժամանել են այլ ԲԿ-ից` ուշացումով։ Չի եղել նաեւ արյան պաշար, եւ այն շատ ուշացումով բերվել է Հրազդանից:
— Այդ օրը հերթապահ բոլոր մասնագետները տեղում են եղել, հենց այդ օրն անեսթեզիոլոգը՝ Ներսիսյան Արամը, հերթապահում էր, չի կարա էդպես բան լինի: Մյուս հերթապահն ու պատասխանատուն 20 րոպեից են եկել: Կարող եք այդ օրվա գրաֆիկը նայել: Կարող եմ նաեւ տրամադրել նկարահանումը՝ ոնց են բերում, ոնց են կազմակերպում օգնությունը։ Չկա էդպես բան, որ հերթապահ բժիշկը տեղում չլինի: Մենք հիվանդանոցում արյուն չենք կարողանում պահել, քանի որ չունենք համապատասխան պահպանման կետ:
Բայց արագ ձեւով կազմակերպել ենք` արյուն ենք հասցրել: Հրազդանից Սեւան րոպեների հարց է, արագ կազմակերպում ենք: Տվյալ դեպքի հետ կապված՝ բժշկորեն շատ բան կար, տղան ճնշում չուներ: Արյուն ենք հասցրել-տվել, որ մի քանի ժամ կարողացել են մեր բժիշկները վիրահատեն: Ճնշում չուներ, 6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը: Արդեն վերջացնում էին վիրահատությունը, ասեցին` սրտի կանգ է գրանցվել: Բացի այդ, ընթացքում մի քանի անգամ էլի սրտի կանգ է եղել, բայց մեր բժիշկներն անհնարինն են արել, որ փրկեն կյանքը: Իրենց հարազատները չե՞ն ասում, թե ոնց են աշխատել բժիշկները:
— Մեզ ասացին, որ Դուք դեպքի օրը հիվանդանոց չեք եկել եւ տեղում չեք համակարգել վիրավորների տեղափոխումը, լիարժեք բուժօգնությունը։
— Ես մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 4-ը, հիվանդանոցում եմ եղել, արագ կազմակերպել ենք, 2-ին տեղափոխել ենք Երեւան, իսկ ինքը ճնշում չուներ, կոլապսի մեջ էր, ո՞նց տեղափոխեինք, վիրահատության էլ գնացել ենք` կյանքի ցուցումով:
— Քաղաքացիները բողոքում են նաեւ շտապօգնության ծառայությունից: Ամռան ամիսներին Սեւանի թերակղզին եւ Սեւան- Երեւան մայրուղին եւս սպասարկվում էին Ձեր ԲԿ-ի կողմից, հիմա կարծես չեն սպասարկում: Շտապօգնության քանի՞ բրիգադ է սպասարկում Սեւան խոշորացված համայնքը:
— Մինչեւ 40 հազար բնակիչ ունեցող համայնքին տրամադրվում է 1 բրիգադ: Սեւան խոշորացված համայնքի բնակչությունը 33 հազար 800 է, ունենք 1 գծային բրիգադ, 1 տնային կանչ բրիգադ: Սեւան- Երեւան մայրուղին, եթե կարիքը լինում է, գնում են: Իսկ թերակղզի չենք գնում, այն հանձնել են հանրային լողափներին, անհատներին, անհատներն էլ իրենք են կազմակերպում-տանում՝ իրենց բուժկետերն ունեն: Գնացեք տեսեք, թե հանրային լողափների բուժկետներն ինչ վիճակում են:
— Արդյո՞ք բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան նեղ մասնագետներով։
— Որոշ կադրեր չկան, բայց հիմնականում համալրված է: