Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է հայտնում հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ…
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ քննություն է տարվում՝ Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ…
«2024 թվականի հունիսի 11-ին ժամը 23։17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։…
Նույն օրը ժամը 23։53-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35–ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43–ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43–ամյա տղամարդը մահացել է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ…
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:
«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։