ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Լճում խեղդված կոմպոզիտորի մայրը պատմել է՝ ինչու էր աղջիկը գնացել Սևան
Երիտասարդ կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 17:00-ին՝ Կարմիր բլուր սգո սրահի 2-րդ սրահում:
Հուղարկավորությունը` հունիսի 5-ին, նույն վայրից: Այս մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից։
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել էր հունիսի 3-ին Սևանա լճի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա։ Նրան որոնում էին դեռ հունիսի 1-ից։
Փրկարար ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։ Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել։
Լճում հայտնաբերվելուց առաջ Անահիտ Մնացականյանի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը գրել էր. «Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։