«Ինքը այն մարդն էր, ում մասին պետք է շատ-շատ խոսվի։ Շատ լուսավոր, գրագետ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ընկերական, պարտաճանաչ, բանիմաց, ժպտերես աղջիկ էր»,- այս մասին Iravaban.net–ի հետ զրույցում պատմեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը՝ Սևոանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մասին․․
«Ինչքան դրական հատկանիշներ կան, կարելի է թվել Անահիտի մասին։ Բոլոր աշակերտները ծանր են տանում․ պետական քննություններ են մեզ մոտ, համերգային շրջան է։ Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել։ Մենք վաղը դպրոցում մոմավառություն ենք անելու, իր հիշատակը վառ պիտի պահենք, իր պատվին հաշվետու համերգ ունենք նաև, բոլոր ելույթները իրեն են նվիրված լինելու։
Շատ պայծառ մարդ էր ինքը, պիտի միշտ հիշենք իրեն, նա այն մարդն էր, ում պետք է միշտ լուսավոր հիշենք։ Մնացածից տարբերվում էր իր չափից դուրս պատասխանատու լինելով, իր ուրախ լինելով։ Գիտե՞ք՝ այդպիսի եզակի մարդիկ կան։ Անահիտը սովորել է մեզ մոտ, հետո՝ վերադարձել աշխատանքի, ի ուրախություն մեր դպրոցի»,- նշեց Անահիտ Գևորգյանը․․
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը․․