ԿԱՐԵՎՈՐ․ Ինչպեu կանխել ինքնшuպшնпւթյпւնը. ԱԻՆ-ի խորհուրդները
Դժվարին իրավիճակներում համապատասխան հոգեբանական խորհրդատվության, հուզական աջակցության ցուցաբերման նպատակով 2014 թ-ից ՀՀ ԱԻՆ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում գործում է շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն․․․
Գլխավոր նպատակն էր բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը եւ հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:
Այս առնչությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ծառայությունը գործում է՝ հիմնվելով գաղտնապահության, մարդասիրության, անշահախնդրության, հանդուրժողականության, մարդու ազատության հիմնարար սկզբունքների վրա:
2003թ. ի վեր սեպտեմբերի 10-ը ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն այս խնդրի հետ կապված զգալի փորձ ունի եւ ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սուիցիդալ ռիսկը:
Ինքնասպանությունն արտաքին կամ ներքին դրդապատճառների ազդեցության տակ սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է: Այն հաճախ իրականացվում է գիտակցության նեղացած վիճակում կամ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ: Ինքնասպանությունը հոգեբանական ապահարմարման արդյունք է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ներքին կամ արտաքին ազդակներից դրդված դիմում է լետալ ավարտով ինքնակործանիչ գործողությունների՝ այն դիտարկելով որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց կամ ուշադրություն գրավելու եղանակ:
Սուիցիդալ ռիսկը մեծ է հետեւյալ խմբերում.
• փախստականներ, ազգային փոքրամասնություններ,
• հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք,
• հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք,
• անչափահաս եւ ծեր անձինք,
• ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանասական խնդիրներ ունեցող անձինք,
• նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք եւ այլոք:
Հայտնի հոգեբույժ Ա. Լիչկոն առանձնացնում է սուիցիդալ վարքի 3 հիմնական տեսակ.
• դեմոնստրատիվ (ցուցադրական)` սուիցիդի այս տեսակը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց,
• աֆեկտիվ` երբ գերակայում է հուզական պահը,
• իրական` երբ դոմինանտում է մեռնելու ցանկությունը:
Ինքնասպանություն իրականացրած մարդկանց 80%-ը նախքան ինքնասպանություն գործելն իրենց մտադրությունների վերաբերյալ կարեւոր ազդանշաններ են ուղարկում (խոսքային, վարքային), որոնք հանդես են գալիս որպես նախազգուշացում կամ «օգնության ճիչ»: Անձի հետ սուիցիդալ մտադրությունների քննարկումը նպաստում է նրա ներքին լարվածության թուլացմանը, ինչը կարող է ինքնասպանության կանխարգելման առաջին քայլը դառնալ:
Մարդու՝ ինքնասպանության գործելու մտադրության մասին կարող են հուշել.
• ընկճվածությունը, տագնապայնությունը, թախծոտ տրամադրությունը,
• թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը,
• մղձավանջային երազները,
• արտաքինին, հիգիենայի կանոններին չհետեւել,
• մահվան եւ ինքնասպանության թեմայով գրականության եւ հաղորդումների նկատմամբ հետաքրքության դրսեւորումը,
• ողբերգական եւ տխուր երաժշտության հաճախակի ունկնդրումը,
• կտակի հետ կապված հարցերի վճռումը, նախասուիցիդալ երկտողների կազմումը եւ այլն:
Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք»: Օգնության ձեռք մեկնելը, դիմացինին ոչ քննադատաբար լսելու ունակությունը եւ, ընդհանրապես, անտարբերության բացակայությունը կարող են էական նշանակություն ունենալ եւս մեկ կյանքի փրկության հարցում: