Բա դուք մա՞րդ եք․ Առանց վարելու իրավունքի էրեխեքի կյանքի հետ եք խաղում․․

32-ամյա վարորդը, ով մեքենա վարելու իրավունք չի ունեցել վրաերթի է ենթարկել դասից տուն վերադարձող 10-ամյա երեխաներին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։

Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, ում ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն։