200 մանկաբարձ-գինեկոլոգների նամակը հնարավորություն կտա բացահայտելու Ռազմիկ Աբրահամյանի աջակիցներին. տուժող մայրերի փաստաբան

ArmDaily.am-ն հայտնել էր, որ հանրապետության ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով դիմել մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՀՀ ՄԻՊ-ին: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին՝ նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշները և բարելավվել ծնելիության ցուցանիշները: Վստահ են, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անելու պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը և անմիջամտելիությունը…

ArmDaily.am-ի հետ զրույցում գործով տուժող մայրերի փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ ինքը հարցում է կատարել առողջապահության նախարարությանը՝ պարզելու համար, թե գործով տուժող Հայկուհի Խաչատրյանի դեպքից՝ սեպտեմբերի 24-ից հետո, երբ գործի վերաբերյալ աղմուկը բարձրացավ և լայն արձագանք ստացավ, քանի երեխա է մահացել Հայաստանի ծննդատներում և սեպտեմբերի 24-ից առաջ քանի երեխա է մահացել…

«Հայկուհու դեպքից հետո 4 ամիս է անցել։ Եկեք համեմատականներ կատարենք ամսվա կտրվածքով և հասկանանք՝ Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ, երբ այս մասշտաբի աղմուկ չկար՝ այդ ժամանակ էր մանկական կամ մայրական մահացությունը բարձր, թե դրանից հետո։ Դրանով էլ կհասկանանք թե Ռազմիկ Աբրահամյանն ինչ դերակատարում է ունեցել երեխաների մահացության գործով՝ դրական թե բացասական»…

Փաստաբանն ասաց, որ առայժմ պաշտոնական պատասխան չկա, սակայն այդ աղմուկից հետո՝ նման դեպքերին առավել հնչեղություն կտրվեր և գոնե մամուլում դրանք արձանագրվեին՝ եթե նման դեպք լինեին…

«Գոնե հրապարակային դեպքերը եթե դիտարկենք, ապա կտեսնենք, որ աղմուկից առաջ գրեթե ամեն օր մանկական մահացության դեպքերի մասին էինք լսում։ Ոմանք բարձրաձայնում էին, ոմանք՝ ոչ, սակայն այդ մահերն արձանագրվում էին։ Հրապարակային դեպքերի հիման վրա էլ կարելի է հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, թե այդ մարդը դրակա՞ն կերպար է այս գործի մեջ, թե՞ բացասական, առնչություն ունի՞ գործին, թե՞ չունի»,-ասաց փաստաբանը…

Այդուհանդերձ, ըստ նրա՝ 200 գինեկոլոգներ մտադրություն ունեն դիմելու՝ դա իրենց իրավունքն է։

«Ինչ վերաբերում է գործի վրա ազդեցություն ունենալուն՝ ես կարծում եմ, դրա մասին հնարավոր է եզրահանգումներ անել դիմումի բովանդակությունն ուսումնասիրելուց հետո։ Հնարավոր է, նրանք պարզապես որպես իրենց գործընկեր՝ ի պաշտպանություն դրական կարծիք են փորձում ձևավորել, ինչն ըստ իս՝ իրավունքի խախտում չէ։ Մենք նույնպես բազմաթիվ գործերով անձի վերաբերյալ բնութագիր ենք ներկայացնում…

Գուցե սա պարզապես բնութագրող նամակ է, բայց եթե դիմումի բովանդակությունը կարելի լինի գնահատել որպես գործին միջամտություն կամ գործի ելքի վրա ազդեցություն ունենալու կամ Ռազմիկ Աբրահամյանին ոչ օրինական ճանապարհով պաշտպանելու փորձ, ապա դա անթույլատրելի կլինի ու կարծում եմ՝ նաև իրավապահների կողմից որոշակի գնահատականի կարժանանա։ Իմ համար՝ որպես տուժող մայրերի ներկայացուցիչ՝ կարծում եմ, օգտակար կլինի, քանի որ մենք հնարավորություն կունենանք բացահայտելու, թե ովքեր են Ռազմիկ Աբրահամյանի աջակիցները, որովհետև ես շարունակում եմ պնդել, որ այս գործով բոլոր կլինիկաներն ու պոլիկլինիկաները՝ սկսած կոնսուլտացիաների բժիշկներից մասնակցել են և մատները խառն է, ես դրա վերաբերյալ առավել քան ծանրակշիռ փաստեր ունեմ»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հինգ հոգու, այդ թվում «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ամենածանր հոդվածներով՝ ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ։ Նաև առևտրային կաշառքի մեղադրանք է առաջադրվել…