ՀՐԱSԱՊ LՈՒՐ։ Թբիլիuին դшնшկ խրեց Բшքվի մեջքը

ՀՐԱSԱՊ LՈՒՐ։ Թբիլիuին դшնшկ խրեց Բшքվի թիկունքը

Hraparak.am-ը գրում է․

Երեկ X սոցիալական ցանցում վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենա է բեռնաթափվում․․․

Եվ դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։ Լուրը, ինչպես և սպասվում էր, առանձնակի ջղաձգությամբ ընդունեցին Ադրբեջանում, որոնք յուրահատուկ հակակրանք ունեն Ֆրանսիայի, նրա ղեկավարության հայամետ դիրքորոշման ու հայ-ֆրանսիական բարեկամության նկատմամբ․․․

«Ֆրանսիական Bastion զրահամեքենաների՝ Հայաստան առաքման պատմության մեջ ամեն ինչ կանխատեսելի էր, բացառությամբ մի հանգամանքի՝ այս բեռը Հայաստան է շարժվել վրացական Փոթի նավահանգստով․․․

Այսինքն՝ պաշտոնական Թբիլիսին համաձայնել է իր տարածքով Հայաստանի համար ռազմական բեռների տարանցմանը»,- գրում է ադրբեջանական Մինվալ․ազ-ը, որին ձայնակցել են այդ երկրի այլ լրատվամիջոցներ․․․

Անդրադառնալով թեմային՝ պարբերականը նշում է՝ միանգամայն հնարավոր է, որ այսկերպ Վրաստանում որոշել են նպաստել ԵՄ-ում իրենց թեկնածության կարգավիճակին, հատկապես, որ Թբիլիսին, ինչպես պնդում է ադրբեջանական կայքը, չի համարձակվում աջակցել հակառուսական պատժամիջոցներին․․․

Նշվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծնունդով Ֆրանսիայից է, Թբիլիսի է եկել որպես հինգերորդ հանրապետության դեսպան եւ միայն դրանից հետո է ընդունել Վրաստանի քաղաքացիությունը, զբաղեցրել ԱԳ նախարարի պաշտոնը, ապա անցել ընդդիմության շարքերը։ Չգիտես՝ դավադրության որ անհեթեթ տեսությամբ, իրերի այդ ընթացքը Հայաստանի, Ֆրանսիայի ու Վրաստանի հետ կապելով՝ գրում է Մինվալ-ը։ Նշելով, որ Շեւարդնաձեի անունը կապված էր Բեռլինի պատի անկման հետ, Վրաստանը հատուկ հարաբերություններ ուներ Գերմանիայի, իսկ այժմ, ըստ ամենայնի, Ֆրանսիայի հետ։ «Մնում է, որ հենց Վրաստանի ղեկավարությունը հասկանա, որ իրենք Վրաստանի ղեկավարներն են, ոչ թե Ֆրանսիայի դեսպանները։ Իսկապես, հենց Ադրբեջանի շնորհիվ Վրաստանը դիմակայեց ռուսական էներգետիկ շանտաժին։ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող հաղորդակցությունները, խողովակաշարերն ու երկաթուղիներն են, որոնք ապահովում են ե՛ւ աջակցություն Վրաստանի տնտեսությանը, ե՛ւ անվտանգության երաշխիքներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Քիչ հավանական է, որ Թբիլիսին չի հասկանում, թե Վրաստանը ե՛ւ բառացի, ե՛ւ փոխաբերական իմաստով, որքան է շահում Ադրբեջանի հետ համագործակցությունից՝ ներառյալ տարանցման տուրքերը, ուղղակի ներդրումները եւ քաղաքական աջակցությունը՝ պնդում է հոդվածագիրը եւ հարց հղում՝ ինչպե՞ս կարելի է այդ դեպքում հասկանալ Վրաստանի ղեկավարության ներկայիս քայլը․ «Աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախ ձեռքը»: Որոշել եք Ադրբեջանի շահերի հաշվին սիրաշահե՞լ Ֆրանսիային»։

Շատ ենթադրություններ կարող են լինել, բայց սա այն դեպքն է, երբ վրացական իշխանությունները պետք է մտածեն հենց Վրաստանի շահերի ու անվտանգության մասին։ Այդ թվում՝ հաշվի առնելով որոշ տհաճ հանգամանքներ։ «Հայաստանը հավակնություններ է ներկայացնում, ի թիվս այլ բաների, Վրաստանի տարածքի մի մասի նկատմամբ»,- շեփորում է ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի հլու կամակատարն ու սլաքն ուղղում դեպի նախորդ դարասկզբի Հարավային Կովկասի քաղաքական, աշխարհագրական իրողությունները։ Ավելին, հրապարակման մեջ ցինիզմով նշված է, թե «1918 թվականին Հայաստանը պատերազմ սկսեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ՝ Բորչալուի շրջանի համար։ Երեւանի ախորժակը լրջորեն բացեց այն փաստը, որ «խորհրդայնացումից» հետո Հայաստանին նվիրեցին Լոռվա հողերը։ Այսօր Երեւանը բացահայտ հավակնում է վրացական Ջավախքին, իսկ վրացական այդ շրջանի զինյալները մասնակցել են ղարաբաղյան պատերազմին»։ Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ Վրաստանում եկեղեցիների սեփականության ու հայկականության շուրջ տարաձայնություններին ու Վրաստանի ղեկավարներին խորհուրդներ տալով՝ անցում է կատարում մեղադրանքներ հնչեցնելուն։

Վրաստանը դանակ խրեց Ադրբեջանի թիկունքը․ ոչ ավել, ոչ պակաս՝ ազդարարում է Մինվալ-ն իր հերթական հակահայկական, հակաֆրանսիական, իսկ այդ դեպքում նաեւ՝ հակավրացական պատվիրված հոդվածում։ Հետաքրքիր է՝ հետո ումի՞ց է աջակցություն խնդրելու Թբիլիսին՝ եզրափակում է ադրբեջանցի գրչակը՝ փաստորեն, սպառնալով նաեւ Վրաստանին այն բանի համար, որ հարեւան երկիրը, միջազգային իրավունքի ոգուն եւ տառին համապատասխան, հանդգնել է թույլատրել ֆրանսիական զենքի մուտքը Հայաստան։ Մի բան, որ Իսրայելի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ մյուս երկրների միջոցով պարբերաբար իրականացնում է ալիեւյան ռազմականացված ու ռազմատենչ ռեժիմը։

ՀԳ․ Ի դեպ, արդեն մասնագիտական հրապարակումներ են արվել, որ այդ զենքը բացառապես պաշտպանական բնույթ ունի եւ իրենից ինչ-որ լուրջ բան չի ներկայացնում։

Արա Ալոյան