Ցшվшլի է․․․ Այu լпւuшվпր шղջիկը մшhшցшվ. Նш կդшռնшր 37 տшրեկшն
Այսօր Սոսիի ծննդյան օրն է։ Նա կդառնար 37 տարեկան։
Սոսիին ներկայացնելիս, առաջինը որ նշում էինք՝ տաղանդավորն էր, իսկ հետո սկսվում էր էպիտետների անվերջ շարանը՝ նուրբ, հմայիչ, գեղեցիկ, նպատակասլաց, անընդհատ ինքնակատարելագործվող, գեղեցիկը գնահատող, պրպտող, իր գործի նվիրյալ և վերջապես՝ հայրենասեր եւ ընկերասեր։ Սոսին իսկական նեղ օրվա ընկեր էր’ մեծահոգի ու մարդասեր:
Սոսիին ճանաչողները կվկայեն, թե ինչքան կյանք կար նրա մեջ, ինչքան եռանդ ու ուժ’ ստեղծագործելու:
Սոսի Խանիկյանը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր:
«Վարդապետը» ֆիլմի ցուցադրությունից առաջ Araratnews.am-ը հյուընկալել էր Սոսիին, որտեղ նա պատմում էր, թե ինչքան է ֆիլմի ստեղծման ընթացքում պրպտել, որպեսզի Կոմիտասին կարողանա ներկայացնել յուրովի’ բացահայտելով Վարդապետի’ հանրության համար անհայտ կողմերը: Ցավոք, տեսանյութը չի պահպանվել կայքի յութուբյան ալիքի հաքերային հարձակման հետեւանքով։
Սոսին նաեւ բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Հատկապես շատ սիրվեցին Սեւակ Խանաղյանի «Արցախ» եւ Մարգարիտա Պոզոյանի եւ Արծվիկի՝ «Сестра по духу» երգերը։
Տաղանդաշատ հայուհու գործերն ապրեցնելու համար ստեղծվեց «Սոսի Խանիկյան» հիմնադրամը։ Այն օգնում է երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաեւ հրատարակում Սոսիի կիսատ թողած գործերը։
Այսօր էլ՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ հիմնադրամը սկսում է Սոսիի գրած հեքիաթի հրատարակման աշխատանքները՝ կոչ անելով, որպես ծննդյան փոքրիկ նվեր, մասնակցել դրամահավաքին և կյանքի կոչել «ՓՈՔՐԻԿ ՍԿՅՈՒՌԻՆ»:
Շնորհավոր երկնային ծնունդդ, սիրելի Սոսի։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 1-ին Սոսի Խանիկյանը չարաբաստիկ վրաերթի զոհ դարձավ։