Ու՞մ դին է հայտնաբերվել Դալմայի այգիներում` առվակի մեջ
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․․․
Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի կա․․․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ․․․
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դին առվակից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ։
Փրկարարները դին առվակից դուրս են բերել և մոտ 500 մետր ոտքով մոտեցրել դիատարին։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժիշկ Անդրանիկ Մարգարյանի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։