Ընդդեմ 25O միլիпնшնпց Թпւրքիшյի․ Կпրпւստներ մրցшկցի ճшմբшրпւմ

Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում

Սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղում մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում հյուրերին։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։2 հաշվով հօգուտ թուրքերի։ Թե կարգով և թե վարկանիշով թուրքերը զգալի գերազանցում են, բայց․․․

Հայաստանի ազգային հավաքականը մեկ անգամ չէ, որ հաղթել է կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցներրի։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի ազգային թիմը և ինչպիսն են մեր հաղթելու հնարավորությունները…

Թուրքիայի ազգային թիմը գլխավորում է գերմանացի 60-ամյա մասնագետ Շտեֆան Կունցը։ Վերջինս նախքան Թուրքիա տեղափոխվելը եղել է Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը…

Կունցի գլխավորությամբ թուրքերն անց են կացրել 18 հանդիպում, որից 12-ում հաղթել են 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել են 4 պարտություն։ Նախորդ ընտրական շրջափուլում Թուրքիան մոտ էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն սակայն փլեյ-օֆֆում զիջեց Պորտուգալիային…

Այս դիմակայությունում ճակատագրական եղավ Թուրքիայի հավաքականի հարձակման գծի նախկին առաջատար Բուրակ Յիլմազի չիրացրած 11 մետրանոցը։ Վերջին 5 հանդիպումներում Թուրքիայի հավաքականը տարել է 4 հաղթանակ և կրել մեկ պարտություն։ Մեր առաջիկա մրցակիցը մարտի 28-ին ընթացիկ ընտրական փուլի շրջանակներում 0։2 հաշվով զիջել է Խորվաթիային…

Անցյալ տարվա սեպտեմբերին էլ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնում թուրքերը սենսացիոն պարտություն էին կրել, հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջել էին Ֆարերյան կղզիներին։ Ավելի վաղ Կունցի Թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լիտվային և ոչ-ոքի 3։3 խաղացել Լյուքսեմբուրգի հետ…

Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում Թուրքիան ժամանակից շուտ ապահովել էր առաջին հորիզոնականը և Լյուքսմբուրգի և Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումները մրցաշարային առումով կարևոր չեն եղել։ Ազգերի լիգայի 2020 թվականի խաղարկությունում Թուրքիան անհաջողության էր մատնվել B դիվիզիոնից նահանջելով C դիվիզիոն։

Հայաստանի հավաքականն իր հերթին բարձրացել էր B դիվիզիոն այս հարթությունում շրջանցելով Թուրքիան։ Արդյունքում, Եվրո-2024-ի ընտրական փուլին ընդառաջ Հայաստանը հայտնվել էր երրորդ, իսկ Թուրքիան՝ 4-րդ զամբյուղում։ Ինչևէ, նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան անց է կացրել երկու ընկերական հանդիպում, միևնույն 2։1 հաշվով առավելության հասնելով Շոտլանդիայի և Չեխիայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի դեմ խաղին Շոլցը ազգային թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստների։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրանց տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո։

Մինչդեռ Հայաստանի հավաքականի ճամբարկում գտնվող ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 32․5 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի ավագ և առաջատար Միլանի «Ինտերում» Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր Հաքան Չալհանօղլուի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրո է։ Նա Թուրքիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Փաստորեն, միայն Չալհանօղլուի տարսնֆերը գերազանցում է Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքին։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրքում Կյոկչյուի տրանսֆերային արժեքն էլ 35 միլիոն եվրո է։

Հայաստանի հավաքականի դեմ խաղին Կունցը չի հրավիրել թուրքական ֆուտբոլի ծագող աստղ Մադրիդի «Ռեալի» 18-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Վերջինս գոլի հեղինակ էր դարձել հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճում։ Հայաստանի դեմ խաղին ընդառաջ Թուրքիայի հավաքականում կան նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։

Մասնավորապես, առաջիկա հանդիպումն ամենայն հավանականությամբ բաց կթողնեն գերմանական «Հոֆենհայմի» կենտրոնական պաշտպան Օզան Կաբակը, ինչպես նաև «Բեշիկթաշկի» կենտրոնական կիսապաշտպան Սալիհ Օչանը։ Շատերը կհամաձայնվեն սակայն, որ մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր վրա, մեր ուժերի վրա։ Հայաստանի հավաքականում տեղի են ունցել դրական տեղաշարժեր, ունենք լավ մարզիչ, նոր ֆուտբոլային փիլիսոփայություն։

Ուստի, անկախ վիճակագրությունից և այլ փաստերից Հայաստանի հավաքականն ունի հաղթելու իրական հնարավորություն։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին Թուրքիան 41-րդն է, իսկ Հայաստանը՝ 90-րդը։ Ընտրական ենթախմբում Թուրքիան 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը՝ 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։

1in.am