Auroranews-ին Սպիտակ ԲԿ-ից հայտնեցին, որ այս պահին 8-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն` դրական դինամիկայով, երեխան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն` հավելելով, որ շունը եղել է հայկական գամփռ:
«Իրականում շատ-շատ լուրջ են եղել երեխայի վնասվածքները: Ընդունման պահին երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, վերքերը տեղակայված են եղել վերին վերջույթի և գլխի շրջանում: Եղել են պատառոտված կծոտած վերքեր քունք-գագաթային, այտային, ստործնոտային, քունքծոծրակային գանգամաշկ վերքերով: Պատառոտված վերքերից բացի գլխի վրա եղել են կոտրվածքներ:
Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունից հետո երեխայի կյանքը փրկվել է»,- այս մասին ասաց Սպիտակ ԲԿ-ի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանը:
Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Ըստ ՍԱՏՄ-ի` շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։