«Անhшյտ երկրից» Հшյшստшն եկшծների քшնшկը կտրпւկ шճել է. Որն է шյդ երկիրը
168.am-ը գրում է․ Պաշտոնական վիճակագրության համաձայն, «անհայտ երկրից» Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացել է. Ճիշտ է, նրանց քանակը մեծ չէ, բայց 6,1 անգամով ավելին է, քան անցած տարի էր։
Թե ո՞րն է այդ «անհայտ երկիրը», որի քաղաքացիների համար հանկարծ այդքան գրավիչ է դարձել Հայաստանը, պաշտոնական վիճակագրությունը չի բացել փակագծերը․․․
Առաջին տպավորությունն այն է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։ Բայց Ադրբեջանը չէ։
Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ չեն եղել Հայաստանում։
Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանից Հայաստան էր եկել 3 զբոսաշրջիկ։ Նրանց այցի նպատակն այդպես էլ գաղտնի մնաց։ Ամեն դեպքում, հազիվ թե կարելի էր կարծել, որ նրանք եկել էին Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու կամ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար։
Ղարաբաղյան պատերազմից շատ չանցած, հատկապես հազարավոր զոհերից ու կորուստներից հետո, ադրբեջանցիների նման հանդգնությունը ծաղր էր Հայաստանի նկատմամբ։ Բայց իշխանությունների թողտվությամբ դա տեղի ունեցավ։ Ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի օր ադրբեջանցիները մնացին Հայաստանում, իսկ հետո անվտանգ վերադարձան։
Չի բացառվում, որ այդ այցերի ժամանակ էլ ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են գնել։
Հայտնի է, որ անցած տարի ադրբեջանցիները Հայաստանում գնել են մեկական բնակարան և բնակելի տուն։
Անցած տարի Հայաստան եկած ադրբեջանցի, այս կոչված, զբոսաշրջիկների շուրջ բարձրացված աղմուկից հետո, այդ երկրից, զբոսաշրջության անվան տակ, նոր այցեր չեն եղել։ Թեև ադրբեջանցիներ Հայաստանում եղել են՝ Ծանրամարտի եվրոպայի առաջնության շրջանակներում։ Իհարկե, առաջնության մեկնարկին նրանք հեռացան, բայց 1-2 օր այնուհանդերձ մնացին Հայաստանում։
Ի տարբերություն ադրբեջանցիների, Թուրքիայի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, այս տարի ակտիվորեն այցելել են Հայաստան։ Ավելի քան կրկնակի շատ մարդ է եկել այդ երկրից, քան անցած տարի։ Անցած տարվա առաջին երեք ամիսներին, պաշտոնական տվյալներով, Թուրքիայից Հայաստան էր եկել 1244 զբոսաշրջիկ։ Այս տարի արդեն եկել է 2712-ը՝ 2,2 անգամով ավելի շատ։
Թուրքիայի քաղաքացիների հետաքրքրությունների ակտիվացումը գուցե կարող է տեղավորվել հայ-թուրքական մերձեցումների շրջանակներում։ Հատկապես որ, առաջին եռամսյակում դեռևս «սև կատու» չէր անցել այդ մերձեցումների միջով՝ կապված «Նեմեսիսի» հայտնի հուշահամալիրի տեղադրման հետ։
Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա տարվա կտրվածքով Թուրքիայից հոսքերը կարող են հասնել 20 հազարի։ Անցած տարի այդ երկրից եկել էր գրեթե 9,5 հազար զբոսաշրջիկ։
Հայաստանը տարեսկզբին գտնվել է ակտիվ զբոսաշրջային հոսքերի տակ ոչ միայն Թուրքիայից, այլև ուրիշ երկրներից։ Բավական մեծ աճ է գրանցվել՝ ավելի քան 81 տոկոս։ Բայց պետք է նաև արձանագրել, որ այդ աճերը երբեմն ոչ այնքան զբոսաշրջային այցերի, որքան հարկադրված տեղաշարժերի արդյունք են։
Պատահական չէ, որ զբոսաշրջային հոսքերի ամենամեծ հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին։
Անցած տարվանից այս երկրից ակտիվ տեղաշարժեր են նկատվում, այդ թվում՝ նաև Հայաստան։ Դրանով է պայմանավորված, որ ռուսական զբոսաշրջիկների կշիռը բավական ավելացել է։ Եթե անցած տարի այն կազմում էր ընդհանուր հոսքերի 43,7 տոկոսը, այս տարի հասել է 52,5 տոկոսի։
Ընդամենը երեք ամսում այդ երկրից եկել է 237 հազար քաղաքացի։ Անցած տարի եկել էր շուրջ 109 հազարը՝ 2,2 անգամով քիչ, քան եկել է այս տարվա ընթացքում։
Ռուսաստանից եկածների մի մասը, բնականաբար, այդ երկրի քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցներն են, որոնք հայտնի պատճառներով փորձում են ռուս-ուկրաինական հակամարտությունից հեռու գտնվել։
Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները, որոնց թիվն անցնում է 74 հազարից։ Անցած տարի 56,5 հազար էր։
Բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել նաև Վրաստանից։ Ենթադրվում է, որ մեծ մասը դարձյալ մեր այն հայրենակիցներն են, որոնք բնակվում են Վրաստանում։
Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվն առաջին եռամսյակում շուրջ 53,7 հազար է։ Նախորդ տարի անհամեմատ քիչ էր՝ 24,1 հազարի կարգի։
Իրանից եղել է գրեթե 25,5 հազար այցելու։ Տարբերությունն անցած տարվա համեմատ շատ մեծ չէ, ինչպես որոշ երկրների պարագայում։ Աճն 9 տոկոսի շրջանակներում է։
Մյուս երկրներից ևս աճեր կան, երբեմն՝ նաև անգամներով, բայց դրանք մեծ թվեր չեն կազմում։
Միացյալ Նահանգներից տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը չի հասնում նույնիսկ 5 հազարի, Ֆրանսիայից՝ 3 հազարի, Գերմանիայից՝ 2,8 հազարի, Իտալիայից՝ 1,6 հազարի, Իսպանիայից՝ 700 հարյուրի։
Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից են ու տարբեր երկրներում ապրող Հայաստանի ու այդ երկրների քաղաքացիություն ստացած հայերը։ Ռուսների պարագայում ամեն ինչ պարզ է. պատերազմի ու պատժամիջոցների պատճառով սահմանափակվել է տեղաշարժի նրանց աշխարհագրությունը, ինչն էլ նպաստել է Հայաստանում այդ երկրի քաղաքացիների այցերի ակտիվացմանը։
Սա ո՛չ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների ավելացման, և ո՛չ էլ գրավչության բարձրացման արդյունք է։ Առավել ևս՝ անվտանգային այն միջավայրում, որը ստեղծվել է մեր երկրի շուրջ։ Սրանք մեծամասամբ հակադրված այցեր են, որոնք կդադարեն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Պատահական չէ, որ Ռուսաստանից միայն Հայաստան չեն ավելացել հոսքերը։ Չնայած ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքին, մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ նախընտրում են նաև Վրաստանը՝ այլ հնարավորություններ չունենալով։