Փաշինյանը անցավ կտրուկ հակահարվածի. Նա զգաց վտանգը

Lragir.am-ը գրել է․ Շաբաթ և կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում սկսեց իր «անկեղծ զրույցները» քաղաքացիների հետ․․․

Առաջին ուղիղ եթերը նվիրված էր կառավարական ամառանոցի վերաբերյալ տեղեկություններին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Սերժ Սարգսյանի բնակության ամառանոցը 2 մլն դոլար արժողության վերանորոգումից հետո․․․

Նիկոլ Փաշինյանը ցուցադրում էր ամառանոցը եւ ասաց, որ փոխել են միայն պատերի ու դռների գույնը, վերանորոգման վրա ծախսվել է ավելի քան 10 անգամ պակաս, քան նշվել է մամուլում․․․

Երկրորդ ուղիղ եթերը նվիրված էր Ղարաբաղի խնդրին ու բանակին, գեներալիտետի հետ հարաբերություններին…

Նա անդրադարձավ այն տեղեկություններին, թե ինքը հանձնում է Ղարաբաղը և վարկաբեկում է գեներալներին: Նա կրկնեց իր թեզերը Ղարաբաղի կարգավորման վեաբերյալ եւ հայտարարեց, որ բանակում ստեղծվում է նոր գեներալիտետ․․․

Ըստ ամենայնի, վարչապետը կշարունակի «անկեղծ զրույցների» շարքը, անդրադառնալով այլ հարցերում եւս քարոզչական գրոհներին․․․

Դրանք գնալով սաստկանում են, եւ եթե նախկինում չունեին քիչ թե շատ ազդեցություն և փլուզվում էին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությամբ, ներկայում նկատելի է, որ քարոզչական այդ արշավն արդեն ազդում է հանրային տրամադրությունների վրա, ինչը վարչապետի եւ նրա կառավարության լեգիտիմության համար շոշափելի խնդիր է դառնում․․․

Նախկին վարչակարգը պահպանել է իր քարոզչական ռեսուրսը, հեռուստատեսությունից մինչեւ «պոստ գրողներ», քարոզչությունը զգալի մասով հիմնված է «լուն ուղտ սարքելու», ապատեղեկատվության և մանիպուլյացիաների վրա, որն ուղղված է անվստահության, վախի ու անորոշության մթնոլորտ ձեւավորելուն․․․

Դրա վրա միլիոններ են ծախսվում, ասում է վարչապետը: Սակայն այդ քարոզչությունն աստիճանաբար ստանում է նաեւ օբյեկտիվ հիմքեր ու առիթներ, որոնք պայմանավորված են կառավարության գործունեության հետ․․․

Անկասկած առկա է սերունդների, նորի ու հնի, աշխարհայացքների ներհանրային պայքար, և ներկայիս ներքին դիմակայությունը պայմանավորված է նաև այդ ցավոտ ու օբյեկտիվ գործընթացով․․․

Մյուս կողմից, կառավարության գործունեության մեջ առայժմ գերակշռում են ոչ համակարգային, իրավիճակային քայլերը, որոնք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հանգուցալուծում չեն ենթադրում, ինչը նպաստում է անորոշության խորացմանը․․․

Այս պայմաններում, կառավարության դեմ քարոզչությունը ձեռք է բերում առավել լայն ազդեցության հնարավորություններ: Առավել ևս այն պայմաններում, երբ կառավարությունը չունի քարոզչություն որպես այդպիսին․․․

Նիկոլ Փաշինյանն անկասկած տեսնում է այս խնդիրները եւ որոշել է անձամբ հակահարված տալ քարոզչական գրոհներին․․․

Որքանով այն արդյունավետ կլինի, նախեւառաջ կախված է կառավարության արդյունավետությունից ու համակարգային լուծումներից․․․

Միևնույն ժամանակ, երբ վարչապետն օրինակ ասում է, որ ամառանոցի վերանորոգման վրա ծասվել է ոչ թե 2 մլն դոլար, այլ 10 անգամ պակաս եւ ավելացնում, թե կառավարությունը 130 միլիոն դոլար ավել գումար է բերել բյուջե,

կամ երբ ներկայացնում է տնտեսական վիճակագրություն, դա չի ունենում անհրաժեշտ ազդեցությունը: Մարդիկ այլ բան են սպասում․․․