Տուժել է ադրբեջանցիների հարձակումից. (ՎԻԴԵՈ)

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին և ասաց, որ մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին: Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել․․․

Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է՝ հասկանալի լեզվով ասած դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և, 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Էրիկը ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը՝ այս անգամ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք․․․

Էրիկենց գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Կան թվով յոթ կալանավորված, չնայած հարձակում գործած խումբը մոտ 30-նն է եղել: Էրիկը անհանգիստ է նաև այն առումով, որ չլինի թե հանցագործները կարողանան սպրդել, կամ թեթև պատժով ազատվել: Ասում է այդ պարագայում ինքը կհասնի մինչև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու համար, որ նրանք ոչ թէ խուլիգանություն են արել, այլ ազգային թշնամանքի դրդապատճառով՝ կանխամտածված սպանություն են ուզեցել իրականացնել:

Ըստ նրա, հանցագործ ոհմակը ոչ միայն պետք է պատժվի, այլ նաև փոխհատուցում տա պատճառած թե ֆիզիկական, թե բարոյական վնասի համար, չէ՞ որ հենց միայն ատամներս, եթե վերականգնեմ, ասում է Էրիկը, ահավոր մեծ գումարներ եմ ծախսելու, էլ չեմ խոսում այլ բաների մասին: Այդ իսկ պատճառով, նա շատ է ցանկանում, որ իրենց գործով զբաղվող իրավաբանը՝ Նարեկ Կոստանյանը, կարողանա հասնել արդար վճռի և մաքսիմալ հատուցման: Էրիկը անհանգիստ է նաև իր և իր ընտանիքի անվտանգության համար: