Տառացիորեն ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է. Գևորգ Պետրոսյան

Արմեն Սարգսյանը նախ պետք է կարդա երկրի օրենքները, նա իրեն ազատել է այդ գործից, նա տեղյակ չի իր լիազորություններից, եւ  Սահմանադրության մեջ գրվածը, որ նախագահը հետեւում է Մայր օրենքի կատարմանը, նրա  համար որեւէ նշանակություն չունի, Արմեն Սարգսյանի հետ որեւէ հույս կապել հնարավոր չի։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրին հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Նա Նիկոլ Փաշինյանի «դիսպետչերն» է, կնիք է դնում այն ամենի վրա՝ ինչ ուղարկեն իրեն։ Ես ամաչում եմ իր փոխարեն։ Չեմ կարող ասել՝ միտումնավոր է անում, թե չհասկանալով, բայց նա իր տեղում չէ, մենք ունենք պաղպաղակ ուտող, պաղպաղակ բաժանող, բայց նախագահ չունենք։ Մարդկանց էին խմբերով տանում բաժին՝ չէր ասում՝ այս ի՞նչ եք անում։ Նա վատ մարդ չի, բայց զրոյացել է զրոյական վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմաց», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ակիան պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ստախոս, բանսարկու, օրենքներից անտեղյակ վարչապետ է․

«Տառացիորեն ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է՝ հեսա քաղաքական դաշտից կվռդենք։ Սա վարչապետի արտահայտությո՞ւն է։ Մի քանի ամիս առաջ ասում էր՝ մենք 3 միլիոն վարչապետ ենք․ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող է մի վարչապետը մյուսին վռնդել։ Վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանն օրենք է բերել, թե ատելության խոսքը Հայաստանում պետք է դատապարտվի․ դու ինքդ Հայաստանում ատելության խոսքի նախակարապետն ես, թագավորը, քավորը, ամեն ինչը», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

«Հիմա՞ հասկացաք» հարցին ի պատասխան, ԲՀԿ-ական պատգամավորը նշել է․ «ոչ թե հիմա հասկացանք, այլ մենք ունեինք հուշագիր եւ ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իրավունք չունեինք կասկածանքի դիրքերից մոտենալ։ Որովհետեւ, եթե մարդու հետ ստորագրում ես փաստաթուղթ, ուրեմն հավատում ես նրան։ Բայց նա ջարդեց այդ հավատը։ Ինքս նրան ճանաչել եմ 2017-ի մայիսից, երբ հայտնվել էինք նույն խորհրդարանում։  Մինչեւ այդ գիտեի որպես իր թերթում բանսարկություններ անող, սրա-նրա հետեւից գրողի»։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանը վատ բան չի ասել, ինչից այդքան բորբոքվել են, նա ասել է, որ վիճակը վատ է, եկեք համախմբվենք դուրս բերենք երկիրն այս վիճակից։

 

«Այո, պահանջել է նաեւ Փաշինյանի հրաժարականը։ Նա ինքն էլ գիտի, որ շուտով գնալու է։ Ես որպես քաղաքացի եւ ԵՊՀ դոցենտ, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է արել ԿԳՄՍ նախարարը վերջին ամիսներին, ի՞նչ է արել տնտեսությամբ զբաղվող նախարարը՝ մեռած տնտեսության համար։ Առավոտից ոստիկանական մեքենաների բարձրախոսից եմ արթնանում, ժամը 6-ից ընկնւմ են մարդկանց հետեւից․ սա է՞ բյուջեն լցնելու ձեր ձեւը, ա՛յ անամոթներ, այ անամոթ»։

 

Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արտաքին աշխարհում հեղինակություն չի վայելում․

«Նա ասում էր, ներդրողները դռան հետեւում կանգնած են, հիմա որ ԱԺ կազմը փոխվի, բոլորը ներս կմտնեն։ Բա ո՞ւր են։ Ես ոստիկաններին շատ եմ հարգում, ու երբ տեսնում եմ, որ բերում, մեծ խմբերով շարում են դատարանների առաջ, տեսնում եմ նրանց հայացքից, որ չեն ուզում անել իրենց հանձնարարվածը։ Դա ի՞նչ աճպարարություն է, ԱԱԾ-ն հայտարարում է՝ վկաներ է որոնում։ Ամոթ է։ Ալեն․․․ Փաշինյան էի ուզում ասել, բայց սազում է նրան, Ալեն Փաշինյանն ասում է՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխել են, որովհետեւ կորոնավիրուսով պայմանավորված․․․ Բա ո՞ւր են ձեր վկաները։ Ալեն Սիմոնյանն իրավաբանության հետ այնքան կապ ունի, ինչքան ես լազերային էպիլացիայի հետ։ Նա ընդհանրապես կապ չունի իր կարգավիճակի հետ, երեւի ասում է՝ գիժ ե՞ն սրանք, էս ինչ կարգավիճակ են տվել ինձ»։

 

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պետական կառավարումը սկսվել է մարդկանց ձերբակալելուց եւ առայժմ այդպես էլ շարունակվում է․

 

«Նիկոլ Փաշինյանը լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց պետական կառավարման հետ գործ չունի։ Ես մեղքի ահավոր զգացողություն ունեմ, որ այս կոտրած ձեռքով կողմ եմ քվեարկել նրան»։

 

Աղբյուրը՝ ArmDay.am