Վարչապետն զգաց վտանգը. Նա անցավ հակահարվածի. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է.

Շաբաթ եւ կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում սկսեց իր «անկեղծ զրույցները» քաղաքացիների հետ…

Առաջին ուղիղ եթերը նվիրված էր կառավարական ամառանոցի վերաբերյալ տեղեկություններին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Սերժ Սարգսյանի բնակության ամառանոցը 2 մլն դոլար արժողության վերանորոգումից հետո…

Նիկոլ Փաշինյանը ցուցադրում էր ամառանոցը եւ ասաց, որ փոխել են միայն պատերի ու դռների գույնը, վերանորոգման վրա ծախսվել է ավելի քան 10 անգամ պակաս, քան նշվել է մամուլում…

Երկրորդ ուղիղ եթերը նվիրված էր Ղարաբաղի խնդրին ու բանակին, գեներալիտետի հետ հարաբերություններին…

Նա անդրադարձավ այն տեղեկություններին, թե ինքը հանձնում է Ղարաբաղը եւ վարկաբեկում է գեներալներին: Նա կրկնեց իր թեզերը Ղարաբաղի կարգավորման վեաբերյալ եւ հայտարարեց, որ բանակում ստեղծվում է նոր գեներալիտետ…

Ըստ ամենայնի, վարչապետը կշարունակի «անկեղծ զրույցների» շարքը, անդրադառնալով այլ հարցերում եւս քարոզչական գրոհներին…

Դրանք գնալով սաստկանում են, եւ եթե նախկինում չունեին քիչ թե շատ ազդեցություն եւ փլուզվում էին Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությամբ, ներկայում նկատելի է, որ քարոզչական այդ արշավն արդեն ազդում է հանրային տրամադրությունների վրա, ինչը վարչապետի եւ նրա կառավարության լեգիտիմության համար շոշափելի խնդիր է դառնում…

Նախկին վարչակարգը պահպանել է իր քարոզչական ռեսուրսը, հեռուստատեսությունից մինչեւ «պոստ գրողներ», քարոզչությունը զգալի մասով հիմնված է «լուն ուղտ սարքելու», ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների վրա, որն ուղղված է անվստահության, վախի ու անորոշության մթնոլորտ ձեւավորելուն..

Դրա վրա միլիոններ են ծախսվում, ասում է վարչապետը: Սակայն այդ քարոզչությունն աստիճանաբար ստանում է նաեւ օբյեկտիվ հիմքեր ու առիթներ, որոնք պայմանավորված են կառավարության գործունեության հետ…

Անկասկած առկա է սերունդների, նորի ու հնի, աշխարհայացքների ներհանրային պայքար, եւ ներկայիս ներքին դիմակայությունը պայմանավորված է նաեւ այդ ցավոտ ու օբյեկտիվ գործընթացով…

Մյուս կողմից, կառավարության գործունեության մեջ առայժմ գերակշռում են ոչ համակարգային, իրավիճակային քայլերը, որոնք երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հանգուցալուծում չեն ենթադրում, ինչը նպաստում է անորոշության խորացմանը…

Այս պայմաններում, կառավարության դեմ քարոզչությունը ձեռք է բերում առավել լայն ազդեցության հնարավորություններ: Առավել եւս այն պայմաններում, երբ կառավարությունը չունի քարոզչություն որպես այդպիսին: Նիկոլ Փաշինյանն անկասկած տեսնում է այս խնդիրները եւ որոշել է անձամբ հակահարված տալ քարոզչական գրոհներին…

Որքանով այն արդյունավետ կլինի, նախեւառաջ կախված է կառավարության արդյունավետությունից ու համակարգային լուծումներից…

Միեւնույն ժամանակ, երբ վարչապետն օրինակ ասում է, որ ամառանոցի վերանորոգման վրա ծասվել է ոչ թե 2 մլն դոլար, այլ 10 անգամ պակաս եւ ավելացնում, թե կառավարությունը 130 միլիոն դոլար ավել գումար է բերել բյուջե, կամ երբ ներկայացնում է տնտեսական վիճակագրություն, դա չի ունենում անհրաժեշտ ազդեցությունը: Մարդիկ այլ բան են սպասում…