Վարչապետը սենսացիոն թիվ հրապարակեց. Ներքին դիմակայությունը սրվում է

Lragir.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանը 1,5 տարվա ընթացքում հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը, ասել է Նիկոլ Փաշինյանը…

505,4 միլիարդ դրամը ավելի քան մեկ միլիարդ դոլար է: 2012 թվականից մինչեւ 2018 թ., այսինքն 6 տարում ՀՀ բյուջեի եկամուտները աճել են այնքան, որքան ընդամենը վերջին 1,5 տարում…

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները քննադատում են տնտեսական քաղաքականությունը, նշելով, որ ներդրումները նվազել են եւ գրեթե չկան, տնտեսական աճի ներկայացվող տվյալներն իրականում «որակական աճի» մասին չեն վկայում, եւ այլն…

Այս քննադատությունները խոշոր հաշվով տեղին են, եւ առաջանում է հետաքրքիր հարց. այդ դեպքում ինչի՞ հաշվին է հավաքվել այդ 1 միլիարդ դոլարը, եթե որակական աճ չկա, հարկերը չեն բարձրացել, եւ այլն…

Այդ դեպքում ստացվում է, որ այդ փողը հավաքվել է ներքին ռեզերվների հաշվին: Դա էլ նշանակում է, որ տնտեսության մի զգալի հատված դուրս է եկել ստվերից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ երկրում տարեկան գոյանում էր մոտ 1 միլիարդ դոլար «սեւ փող», եւ նկատի ունենալով նախկին վարչակարգի «տնտեսական մոդելի» առանձնահատկությունները, կարելի է կռահել, թե ինչպես էր բաշխվում այդ փողը…

Միջազգային տարբեր կառույցներ իրենց զեկույցներում նշել են, որ վերջին տասնամյակներին Հայաստանից անօրինական դուրս է բերվել 10-12 միլիարդ դոլար: Եթե սրան էլ գումարենք Վերահսկիչ պալատի երբեմնի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որ բյուջեի ծախսերի 70 տոկոսը ռիսկային է, պատկերը կամբողջանա…

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրից թալանված փողը վերադարձնելու մասին: Արդյոք ներկայիս ներքաղաքական դիմակայությունը խորքում հենց այդ խնդրով է պայմանավորված, ընդ որում՝ ոչ միայն ներկա-նախկին տիրույթում…

Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ դասական կլեպտոկրատիա հիշեցնող նախկին վարչակարգին հետաքրքրում են Ղարաբաղի խնդիրը, օրինականությունը, սահմանադրականությունը եւ այլն: Այլապես չէին բանակցի Ղարաբաղը հանձնելու տարբերակի շուրջ, չէին կեղծի ընտրություններ, չէին կնքի գազային նման պայմանագիր եւ այլն…

Այս խնդիրը դեռ շատ ջուր է քաշելու, հայ փորձագետներից ոմանք արդեն խոսում են հնարավոր ցնցումների մասին: Սեփականության խնդիրը լուրջ, հիմնարար խնդիր է, եւ նոր իշխանությանը չհաջողվեց ինստիտուցիոնալ լուծում տալ այս խնդրին: Օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ պատճառներով՝ արդեն էական չէ…