Սեփական ազգին մեղադրող և այդ կերպ արդարացող ղեկավարը իրավունք չունի մեկ րոպե ավել ղեկավարել. Ս. Ստեփանյան

Irakanum.am զրուցակիցն է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, Ձեր գնահատմամբ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը, հնարավո՞ր էր կանխել։ Ինչ կարող էր անել իշխանությունը այդ պահին։

Չեմ կարող ասել, թե ինչ կարող էր անել այդ պահին, բայց կարծում եմ ավելի հավանական էր մինչ այդ կատարվածի դեմն առնել՝ ավելի քիչ զոհերով ու ավելի քիչ կորուստներով։ Դրա մասին թե՛ ՌԴ նախագահը հայտնեց, թե՛ հենց ԳՇ պետն ասաց, որ չորս-հինգ օր հետո արդեն տեղեկացրել են, որ այս տեմպերով չենք կարող պատերազմել, քանի որ առկա սպառազինությունը, մեր բանակի վիճակը չի բավարարի, հետևանքը կլինի պարտությունը։

Այսինքն հնարավո՞ր էր խուսափել մարդկային և տարածքային կորուստներից մինչև պայմանագրի կնքումը։

Իհարկե։ Ինչպես նշեցի ՌԴ նախագահն այդ մասին խոսել է, և որի վերաբերյալ Հայաստանի իշխանության կողմից որեւէ ժխտող արձագանք չի եղել։

Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ իշխանությունը գնաց այս քայլին։ Չէ՞ր գիտակցում պահի լրջությունը։

Պահի լրջության հարց չէ։ Ցանկացած խնդրահարույց իրավիճակում, ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարը փաստեց, այս մարդիկ (նկատի ունի իշխանություններին) ապիկար են և ի վիճակի չեն լուծումներ գտնել և նրանք մեզ ցանկացած խնդրահարույց հարցի դեպքում տանելու են դեպի անդունդ։

Նոյեմբերի 9-ից հետո իրադարձությունները զարգացման այլ ընթացք են ստացել։ Կա հրապարակում հավաքված հասարակություն, և նրանց առաջնորդող 17 քաղաքական ուժ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԼՀԿ-ն դեմ է Փաշինյանին, թե՞ ոչ։

ԼՀԿ-ն հենց նոյեմբերի 9-ից սկսած ասել է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա։ Երկրորդ, ինչ վերաբերում է Ազատության հրապարակում հավաքվածներին, մի բան կարող ենք ասել, որ այո, բոլոր քաղաքական ուժերի միջեւ կա կոնսեսուս, որ վարչապետը պետք է հրաժարական տա, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, դրանից հետո՝ արտահերթ ընտրություններ։

Այդ դեպքում ինչո՞ւ ԼՀԿ-ն հրապարակում չէ։

Ինչպես արդեն հայտնվել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին խնդրել էր, հորդորել էր մեկ շաբաթ ժամանակ տալ, պատճառների մասին չբարձրաձայնենք։

Անցել է բայց այդ մեկ շաբաթը։

Այո։ Բայց լինենք անկեղծ, տեսնելով հրապարակում հավաքվածների թիվը չենք կարող փաստել, որ հենց այդքան մարդ է դժգոհ։ Դժգոհությունը համատարած է։ Մեր հասարակությունը գտնվում է խորը ընկճախտի մեջ, չկա մի ընտանիք, որին պատերազմը շրջանցել է, չունենա զոհ, գերի, կամ անհետ կորած։ Հիմա հարցը նրանում է, որ մարդիկ զբաղված են հետպատերազմյան ընկճախտի հաղթահամարմամբ, և այդ փուլում մեր քաղաքական ուժը չի գտնում ճիշտ մարդկանց փողոց դուրս բերել։

Դուրս բերողներ կան, հարցը նրանց կողքին կանգնելու մասին է։

Մենք այս պահին պայքարի այդ միջոցի մեջ չենք տեսնում խնդրի լուծումը։ Պետք չէ մանիպուլացնել։ Այստեղ ինչ-որ մեկին միանալու-չմիանալու հարց չկա, մենք դեմ ենք փողոցային պայքարին։ Բացի այդ երկրում առկա է ռազմական դրություն, որը վերացնելու նախաձեռնությամբ մենք արտահերթ նիստ էինք հրավիրել և փորձում ենք ռազմական դրությունը վերացնել։ Գիտեք, որ ռազմական դրության ժամանակ չի թույլատրվում հավաքներ իրականացնել և մենք հավաքներ իրականացնելով գործիք ենք տալիս իշխանությանը ճնշում գործադրի ընդդիմության նկատմամբ։

Իշխանությունը այդ նախաձեռնությունը ևս մերժեց։ Ձեր գնահատմամբ ինչո՞ւ։

Իրենք բերած փաստարկները անհիմն են։ Քաղաքական, կամ չիմացության դրսեւորում է իրենց կողմից։

Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ էր ներկայացրել, վեց ամիս ժամանակ խնդրել դրանք իրականացնելու համար։ Կարծում ե՞ք վեց ամսից նոր կհեռանա այս իշխանությունը։

Ինձ թվում է մեր երկրի վարչապետը խոհեմություն կդրսևորի և րոպե առաջ կթողնի այդ պաշտոնը, որովհետեւ ժամ ավել մնալը մենք տեսնում ենք ինչ հետեւանքներ է ունենում։ Նա չի կարող այլեւս բանակցող լինել։ Այստեղ հարցը նրանում չէ, ինքը լավ է ղեկավարել, թե վատ։ Հարցը նրանում է, որ երկիրը նա աղետի առաջ է կանգնեցրել։ Այս վեց ամիսը, մեկ տարին կամ ինչ-որ ժամանակ ոչինչ չի փոխելու, պետք է անհապաղ հեռանա։ Նա պետք է խոհեմություն դրսեւորեր, որ ամբողջ պատասխանատվությունը վերցներ իր վրա և ազգին այդ խարանից ազատեր, իսկ ինքն ի՞նչ արեց, մեղադրեց բոլորին, այդ պիտակը փակցնելով ժողովրդի վրա։ Սեփական ազգին մեղադրող և այդ կերպ արդարացող ղեկավարը իրավունք չունի մեկ րոպե ավել ղեկավարել։

Հիմա ԼՀԿ-ի հույսը Նիկոլ Փաշինյանի խոհեմությո՞ւնն է։

Ոչ, ոչ, իհարկե մենք քայլեր ենք ձեռնարկում և այդ քայլերի մասին ինչպես հանրությունը, այնպես էլ դուք կիմանաք։ Մենք այս փուլում չենք պատրաստվում փողող դուրս գալ, բայց չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ հետո այնտեղ էլ կտեսնենք պայքարի շարունակությունը։ Այսօր վստահաբար հասարակության մեծամասնությունը դժգոհ է այս իշխանությունից։

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի