Ռուսաստանի դեսպանի ապտակը ՀՀԿ-ին…

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում ՌԴ նոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայաստանցի լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հավաքական անվտանգության կազմակերպությունում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով:

Ես կասկած չունեմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի կազմակերպությունն աշխատի և ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը կազմակերպությունից սպասում են», հայտարարել է դեսպանը:

Նա ասել է, թե լիազորված չէ խոսել կոնկրետ գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ, բայց վստահեցնում է, որ ՀԱՊԿ-ը ստեղծված իրավիճակից դուրս կգա ավելի ամրապնդված:

Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը պարունակում է հետաքրքիր տողատակ եւ փաստացի յուրօրինակ ապտակ է Հայաստանի նախկին իշխանության տարբեր շրջանակների եւ փորձագիտական խմբերի,

որոնք ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի համար գրեթե բաց տեքստով մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, փաստորեն այդպիսով արդարացնելով Հայաստանի շահերի դեմ Բելառուսի եւ Ղազախստանի գործողություններն ու Ադրբեջանի հետ նրանց տարիների սերտ գործակցությունն այդ հարցում:

Ռուսաստանի դեսպանը խոսում է կոնսենսուսի մասին, ավելացնելով, որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի կազմակերպությունը աշխատի եւ ընդհանուր անվտանգության հարցում ունենա այն ներդրումը, որը սպասում են կազմակերպությունից:

Այլ կերպ ասած, դեսպանը ուղղակիորեն խոսում է այն հարցադրման մասին, որն անում է հենց Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բազմաթիվ հայտարարություններ են արել, որ Հայաստանը հարցը դնում է ավելի լայն համատեքստում, որպեսզի ի վերջո հասկանալի լինի՝ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլո՞կ է, թե ոչ:

Այսինքն, հենց Հայաստանն է դնում ընդհանուր անվտանգության հարցը, Հայաստանն է ձեւակերպում դրա սպասումը, եւ ՌԴ դեսպանը փաստորեն մատնանշում է հենց Հայաստանի դրած խնդիրը:

Նա միաժամանակ խոսում է, որ կազմակերպությունը ստեղծված իրավիճակից դուրս կգա ավելի ամուր:

Գործնականում, Հայաստանի դրած խնդիրը հենց ՀԱՊԿ ամրության հարցն է, որպես կազմակերպություն: Այսինքն, եթե ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկ է եւ գործում է ընդհանուր անվտանգության տրամաբանությամբ, ապա դա նշանակում է, որ կառույցն ամուր է եւ ունի հեռանկար:

Այլ կերծ ասած, ՌԴ դեսպանի հայտարարության տողատակում ակնարկվում է, որ ՀԱՊԿ-ում ներկայում առկա խնդիրը հենց դա է, ոչ թե գլխավոր քարտուղարի հարցը:

Ռուսաստանն անշուշտ Հայաստանից ոչ պակաս է շահագրգռված այդ հարցում: Շարժառիթները գուցե ամբողջապես նույնը չեն, սակայն տվյալ դեպքում խնդիրն այն է, որ ՀԱՊԿ քողի տակ ժամանակի ընթացքում ձեւավորվել է բելառուս-թյուրքական դաշինք ընդդեմ Ռուսաստանի, որի համար իբրեւ հարմար թիրախ դիտարկվել է Հայաստանը:

Հայաստանի նախորդ իշխանությունը այդ իրավիճակը դիտարկել է ոչ թե Հայաստանի պետական շահի ու անվտանգության պրիզմայով, այլ իշխող համակարգի վերարտադրողական կարողությունների եւ հնարավորությունների,

ըստ այդմ լավագույն միջոց դիտարկելով լռությունը, թեեւ դրա գինը եղել է Հայաստանի պետական արժանապատվության եւ վարկի շարունակվող անկումը եւ ուժգնացած մարտահրավերները:

Հայաստանի նոր իշխանությունը գործում է բոլորովին այլ շարժառիթով, եւ այստեղ ակնառու է Ռուսաստանի հետ ընդհանուր շահի իրողությունը, ինչը Երեւանը փորձում է օգտագործել ՀԱՊԿ-ում Հայաստանի խնդիրները լուծելու համար, միաժամանակ իրողությունները դիտարկելով ավելի լայն՝

եվրասիական անվտանգության համակարգի համատեքստում, օգտագործելով այդ առումով Հայաստանի սերտ հարաբերությունը նաեւ եվրատլանտյան անվտանգության համակարգի հետ, որպես անվտանգային երկու միջավայրերի հաղորդակցային բացառիկ եզր: